Թուրքիան Ճապոնիային խնդրել է հրաժարվել 2020 թվականի Օլիմպիական խաղերը հյուընկալելուց
Թուրքական Ankara լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիան Ճապոնիային խնդրել է հրաժարվել 2020 թվականի Օլիմպիական խաղերը հյուընկալելու մտադրությունից: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի խոսքերով՝ Ճապոնիայում արդեն իսկ անցկացվել են Օլիմպիական խաղեր, ինչի համար էլ այդ երկիրը պետք է այս անգամ Օլիմպիական խաղերի անցկացումը զիջի Թուրքիային:
Էրդողանն իր այս խնդրանքը երեկ փոխանցել է Թուրքիայում գտնվող Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեին, որի հետ նույն օրը ստորագրել է Թուրքիայի երկրորդ ատոմակայանի կառուցման մասին համաձայնագիրը: Նա, մասնավորապես, խնդրել է, որ Ճապոնիան հետ վերցնի 2020 թվականին կայանալիք ամառային Օլիմպիական ու Պարօլիմպիական խաղերը Տոկիոյում անցկացնելու մասին ներկայացրած հայտը:
Էրդողանն ընդգծել է, որ իր այդ խնդրանքն իր ճապոնացի գործընկեր Սինձո Աբեին հայտնել է Սինոպի ատոմակայանի վերաբերյալ պայմանագրի ստորագրումից հետո՝ հույս հայտնելով, որ Սինձո Աբեն համապատասխան կարգադրություն կանի Տոկիոյի քաղաքապետին:
Սրանից առաջ Թուրքիան հայտ է ներկայացրել 2020 թվականի Օլիմպիական ու Պարօլիմպիական խաղերը Ստամբուլում անցկացնելու համար: Թուրքիան երաշխավորել է, որ 19 միլիարդ դոլար կհատկացնի Օլիմպիական խաղերի կազմակերպմանը: 2020 թվականի Օլիմպիական խաղերը հյուրընկալելու մասին հայտերն ընդունվել են մինչև 2011 թվականի սեպտեմբերի 1-ը:
2012 թվականի մայիսի 23-ին Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) հայտարարեց, որ պաշտոնական թեկնածուներն են Մադրիդը, Ստամբուլը և Տոկիոն: ՄՕԿ-ը օլիմպիական խաղերի մայրաքաղաքի ընտրության մասին կհայտարարի այս տարվա սեպտեմբերի 7-ին Բուենոս Այրեսում կայանալիք իր 125-րդ նստաշրջանում: