«Ժառանգության» վրա մուննաթ գալու փոխարեն, բացատրեք՝ ո՞ւր էին ձեր հանձնաժողովների անդամները նախագահական ընտրությունների ժամանակ

168.am-ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության վարչության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանն՝ անդրադառնալով ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանի այն հայտարարությանը, թե՝ «կուսակցություններ կան, որոնք կուրծք են պատռում, ներողություն, արմունկներ են կրծում ընտրությունների որակի համար, ուզում եմ իրենց հարց ուղղել, և բնականաբար հարցն ուղղված է «Բարև, Երևան» դաշինքին… Ինչո՞ւ են իրենց հանձնաժողովների տեղերը Հանրապետական կուսակցության անդամներով լցվում», ասաց.

«Բացարձակ չի համապատասխանում իրականությանը, որովհետև ամբողջ Երևան քաղաքում ավելի քան 400 տեղամասերում, հանձնաժողովներում նշանակվել են բացառապես «Ժառանգության» կողմից նախկինում տարբեր մարզերում նշանակված անդամներ, որոնք ապահովել են լավագույն ցուցանիշներ»:

Ստոյապա Սաֆարյանն ասաց, որ իրենք վստահված անձինք ունեն Գյումրիից, Վանաձորից, Թալինից, Չարենցավանից և այլն: Ավելին, ըստ Ս. Սաֆարյանի՝ «Ժառանգության» վստահված անձինք շատ «լուրջ սկզբունքներով» են ընտրվել: Նա ընդգծեց, որ «Ժառանգություն» կուսակցությունը ոչ միայն ՀՀԿ-ին, այլև քաղաքական և ոչ մի կուսակցության իր տեղերը չի «վաճառել»:

«Ցավում եմ, որ նման հայտարարություններ են հնչում, ընդ որում՝ առանց անունների: Նման հայտարարությունները պետք է անուններով լինեն: «Ժառանգության» վրա մուննաթ գալու փոխարեն, լավ կլինի՝ բոլորը բացատրություն տան՝ ո՞ւր էին իրենց հանձնաժողովների անդամները նախագահական ընտրությունների ժամանակ: Այնպես որ՝ եթե Տիգրան Ուրիխանյանը անուններ կամ փաստեր չունի, ապա նա ընդհամենը շոու է անում»,- շեշտեց Ս. Սաֆարյանը:
Ստյոպա Սաֆարյանի հետ ամբողջական հարցազրույցը՝ առաջիկայում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս