
ԲՀԿ-ի պատասխանը`«Բարև, Երևանին». Ինչո՞ւ են իրենց հանձնաժողովների տեղերը ՀՀԿ անդամներով լցվում

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Բարև, Երևան» դաշինքը գլխավորող Արմեն Մարտիրոսյանը «Բարգավաճ Հայաստան» և իշխող Հանրապետական կուսակցություններին մեղադրել է Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավին ընտրակաշառք բաժանելու համար:
Այսօր կայացած ասուլիսում` պատասխանելով այս մեղադրանքին, ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանն ասաց. «Այստեղ արդեն պահն է խոսելու այն մասին, ինչի մասին մենք փորձում էինք չխոսել և հնարավորինս պարզաբանել ներսում: Ներսում ասելով` նկատի ունեմ որակյալ ընտրությունների համար պայքարող կուսակցությունների համագործակցության ներսում` ահազանգելով տեղական կառույցների ղեկավարներին` գործընկերներ կուսակցություններին, գործակցելով, ինֆորմացիոն փոխանակություն իրականացնելով իրենց շտաբների հետ, բայց կարծես թե չի ստացվում:
Ուրեմն, եթե կուսակցություններ կան, որոնք կուրծք են պատռում, ներողություն, արմունկներ են կրծում ընտրությունների որակի համար, ուզում եմ իրենց հարց ուղղել, և բնականաբար հարցն ուղղված է «Բարև, Երևան» դաշինքին… Ինչո՞ւ են իրենց հանձնաժողովների տեղերը Հանրապետական կուսակցության անդամներով լցվում: Եթե որևէ մեկը պատրաստ է հերքել սա, հրավիրում եմ իրեն հրապարակային բանավեճի, ոչ թե բանավեճի, այլ փաստեր դիտարկելու, կվերցնենք այդ փաստերը, անուն առ անուն լրատվամիջոցների հետ կփորձենք պատասխանել այդ հարցին»:
Իսկ կոնկրետ ԲՀԿ-ի կողմից ընտրակաշառք բաժանելու մեղադրանքի վերաբերյալ Տիգրան Ուրիխանյանը նշեց հետևյալը. «Հետևաբար` նրանք, ովքեր անկեղծորեն շահագրգիռ են, որպեսզի ընտրությունների որակը լինի բարձր, կխոսեն ոչ միայն նրա մասին, ինչն արվում է սև քարոզչության նպատակով…այլ կկատարեն կոնկրետ քայլեր, օրինակ իրենց հանձնաժողովի տեղերը չեն վաճառի ուրիշներին: Թող մտածեն դրա մասին»: