
Բանակը ՀՀ տարածքից դուրս որևէ խնդիր չունի լուծելու, ներառյալ՝ ՀՀ ավելի քան 200 քմ օկուպացված տարածքների մասով. Փաշինյան

Հայաստանի բանակի կերպափոխման գործընթացը որևէ կերպ չի կարող վտանգել խաղաղությունը: Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշեց Նիկոլ Փաշինյանը:
«Հայաստանի Կառավարությունը լուռ է ընդհանրապես բանակի բարեփոխումների ոլորտում ինչ է տեղի ունենում, լուռ, բացարձակ։ Մենք էլ այն առաջվա նման չենք, որ մի բան անում ենք… դասեր ենք քաղել մեր սխալներից, ասում ենք՝ տեսեք, այս ենք արել, ոչ մի բան… բայց այստեղ, արդեն այն երրորդ երկրներից եկած տեղեկատվությունը Հայաստանում ոչ մեկ չի նկատում, ոչ մեկ ոչ տեսնում է, ոչ լսում է, չկա այդպիսի բան։ Տեղեկատվությունը միայն նրա մասին է, որ Հայաստանը զիջեց, Հայաստանի Կառավարությունը տվեց և այլն:
Բայց ես նորից ասում եմ, օգտվելով առիթից, այս խոսակցությունը պետք է տեղի ունենա և «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը նաև դրա մասին է։ Եկեք, ժողովուրդ ջան, հասկանանք՝ ինչի մասին է խոսույթը։ Ի՞նչն ենք մենք զիջել։ Եվ սա շատ կարևոր խոսակցություն է, և ես ուղիղ ասում եմ Ձեզ երաշխավորի հետ կապված իմ վերաբերմունքը՝ խաղաղությունն է երաշխավորը: Բայց կրկին ուզում եմ վերահաստատել, որ Հայաստանի բանակի կերպափոխման գործընթացը որևէ կերպ չի կարող վտանգել խաղաղությունը, որովհետև ես հստակ ասել եմ, որ Հայաստանի Հանրապետության բանակը Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս որևէ խնդիր չունի լուծելու, ներառյալ՝ չունի խնդիր լուծելու կապված Հայաստանի ավելի քան 200 քառակուսի կիլոմետր օկուպացված տարածքների վերաբերյալ, որովհետև ինչպես արդեն ասացի՝ սահմանազատման դե յուրե գործընթացը ստեղծել է բոլոր հնարավորությունները, որ այդ խնդիրը լուծվի սահմանազատման գործընթացում: Եվ սա այն վերջին գործոնն է և հանգամանքը, որն ինձ հիմք է տալիս ասելու, որ տարածաշրջանում էսկալացիայի և էսկալացիայի հնարավորության մասին բոլոր խոսակցությունները, գնահատականները, պնդումներն արհեստական են և մտացածին»,- ընդգծեց Փաշինյանը: