
Ո՞րն է Թուրքիայի տնտեսության ամենակարևոր խնդիրը

Թուրքիայում գործող «ASAL» հետազոտական ընկերությունը փետրվարի 15-22-ն ընկած ժամանակահատվածում երկրի 26 նահանգներում անցկացրել է տնտեսության վերաբերյալ սոցհարցում: Հարցմանը մասնակցել է 2000 մարդ և նրանք պատասխանել են, թե «Ո՞րն է Թուրքիայի տնտեսության ամենակարևոր խնդիրը» հարցին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Հարցվածների 29%-ի կարծիքով Թուրքիայի տնտեսության ամենակարևոր խնդիրը պարենային ապրանքների գնաճն է, 12.6%-ի կարծիքով բնակարանների վարձակալության և վաճառքի գնաճը։
Մասնակիցների 9.1%-ը նշել է, որ գնաճն է բարձր, 5.8%-ը նշել է, որ գործազրկության բարձր մակարդակն է տնտեսության ամենակարևոր խնդիրը։
Հարցվածների 5.4%-ի կարծիքով էլեկտրաէներգիայի, ջրի, բնական գազի բարձր գներն են, 5%-ի կարծիքով արդարությունն է, 4.5%-ի նշմամբ տնտեսական կառավարումն է, 3.8%-ի կարծիքով կրթությունն է, ըստ 3.6%-ի՝ բարձր տոկոսադրույքները և ըստ 3%-ի ընթացիկ դեֆիցիտը։
Սոցհարցմանը մասնակցած մարդկանց 1%-ը պատասխան չի տվել, իսկ 1.2%-ը նշել է, որ խնդիր չկա։