
Այգավան գյուղի բենզալցակայանի պայթյունից տուժածներից մեկը մահացել է

Արարատի մարզի Այգավան գյուղում տեղի ունեցած բձենզալցակայանի պայթյունից տուժածներից մեկը մահացել է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց «Այրվածքաբանության ազգային կենտրոնի» փոխտնօրեն Կարինե Բաբայանը։
Տղամարդը մահացել է երեկ։ Նա ուներ 2-րդ, 3-րդ, 4-րդ աստիճանի այրվածքներ, մարմնի մակերեսի 50 տոկոսից ավելին այրված էր, ուներ նաև շնչուղիների վնասվածք։
«Մյուս վիրավորի վիճակը միջին ծանրության է, նրան վերակենդանացման բաժանմունքից հիվանդասենյակ ենք տեղափոխել»,- նշեց Բաբայանը։
Հավելենք, որ մեր տեղեկություններով՝ մահացած տղամարդը մոտ 40 տարեկան էր։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արարատի մարզի Այգավան գյուղի մոտակայքում՝ բենզալցակայանում, տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած 3 քաղաքացի է հոսպիտալացվել:
Առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ նրանցից երկուսի առողջական վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր, գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։
Երրորդ տուժածը հետազոտվել է Արարատի ԲԿ-ում, այնուհետև՝ «Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ում, վնասվածքները, բարեբախտաբար, լուրջ չեն եղել, նա չի հոսպիտալացվել։
Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել մարտի 4-ին: Ըստ նախնական տվյալների՝ պայթել է հեղուկ գազի գլանատակառը (մոտ 25 տոննա)։