Բաժիններ՝

Սիրիական բանակը հետ է մղել քրդերի գրոհը Հալեպում

Սիրիական բանակի ստորաբաժանումները հետ են մղել «Սիրիայի դեմոկրատական ​​ուժերի» (ՍԴՈւ) քրդական կազմավորումների գրոհը Հալեպ քաղաքի Աշրաֆիա թաղամասում: Այս մասին հաղորդում է սիրիական SANA գործակալությունը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հասան Աբդելղանիին։

«Մեր ուժերը հետ են մղել ՍԴՈւ-ի ուժերի գրոհը Հալեպ քաղաքի Աշրաֆիայի ուղղությամբ: Հարձակվող խմբերը կորուստներ են կրել», – ասել է Աբդելղանին։

ՍԴՈւ-ն ռազմական կոալիցիա է, որը 2015 թվականին ձևավորվել է Սիրիայի հյուսիս-արևելքում՝ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի աջակցությամբ: Այն բաղկացած է հիմնականում քրդական կազմավորումներից, սակայն նրա կազմի մեջ մտնում են նաև արաբական ցեղերի ներկայացուցիչներ և ասորիներ։

ՍԴՈւ-ն ստեղծվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի նպատակով։2024 թ. դեկտեմբերի սկզբին երկրում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո քրդական զինված խմբավորումները պահպանել են վերահսկողությունը Հալեպ քաղաքի Աշրաֆիա և Շեյխ Մաքսուդ թաղամասերի նկատմամբ, որտեղ հիմնականում բնակվում են քրդեր։ Այն ժամանակ պայմանավորվածություններ են ձեռք բերվել զինված ընդդիմության հետ՝ զինված բախումներից խուսափելու նպատակով։

ՍԴՈւ-ի գլխավոր հրամանատար Աբդի Մազլումը հունվարի վերջին քրդական ANHA գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել էր, որ քրդական ինքնապաշտպանական ուժերը մարտական գործողություններ չեն մղում Դամասկոսում նոր իշխանության զինված ուժերի դեմ՝ նշելով, որ քրդական պատվիրակությունն այն ժամանակ ընդլայնված բանակցություններ է վարել անցումային ժամանակաշրջանում Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաայի հետ, որոնց ընթացքում փոխըմբռնում է ձեռք բերվել բազմաթիվ հարցերի շուրջ, որոնք կապված են Սիրիայի ապագա քաղաքական կարգավորման և զինված ուժերի ձևավորման հետ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս