«Բանակցային գործընթացում ներգրավված չենք, մենք կարող ենք փոխանցել կողմերի դիրքորոշումները, բայց  քննարկումներին մասնակցել չենք կարող». Զառա Ամատունի

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության պետի տեղակալ Շարաֆաթ Հասանովը հայտարարել է, որ հայկական պատվիրակությունը չի արձագանքում Վերա Աղասյանի մարմինը վերցնելու հարցին։ Այս մասին տեղեկացրել է APA-ն։

Նա հիշեցրել է, որ հայկական կողմը և անցած տարի հոկտեմբերի 20-ին Ստեփանակերտում մահացած Վերա Աղասյանի (ծնվ. 1954թ.) զավակները տեղեկացվել են Կարմիր խաչի միջազգային կազմակերպության կողմից նրա մահվան մասին։

«Իրականացվել են անհրաժեշտ բոլոր փաստագրման ընթացակարգերը՝ մարմինը հանձնելու համար,  անգամ ընթացիկ տարվա փետրվարին հարցն անմիջականորեն հասցվել է հայկական պատվիրակությանն իրազեկելուն՝ սահմանին առանց միջնորդների մասնակցության հանդիպման ժամանակ։ Սակայն հայկական կողմն արդեն 5 ամիս է՝ ոչ մի կերպ չի արձագանքում մարմինը վերցնելու հարցին»,- ասել է նա։

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին ասաց, որ ՀՀ իշխանությունների փոխարեն պատճառաբանությունների մասին որևէ բան ասել չի կարող, ավելի նպատակահարմար կլինի, եթե նրանցից ճշտենք պատճառները։

Կարդացեք նաև

«Ինչ վերաբերում է մեր երկխոսությանը, ապա դա ընթացիկ է, թե՛ այս, թե՛ մյուս կողմերի հետ, և թե՛ ընտանիքի հետ։ Մեր դիրքորոշումը նույնն է՝ պատրաստ ենք աջակցելու՝ որքանով մեզ կդիմեն ու մեր դերը կտեսնեն կողմերը, միայն այն ժամանակվանից, երբ երկու կողմերը կգան համաձայնության։ Բայց բանակցային գործընթացում մենք ներգրավված չենք, մենք կարող ենք փոխանցել կողմերի դիրքորոշումները, բայց մասնակցել քննարկումներին չենք կարող՝ մեր մանդատից դուրս է։

Հետևաբար, մեկնաբանել մեկ կամ մյուս կողմի աշխատանքի առկայության բացակայության պատճառները՝ մեր գործը չէ»,- 168.amի հետ զրույցում ասաց Զառա Ամատունին։

Հիշեցնենք, որ նախորդ տարի հոկտեմբերի 23-ին հայտնի  դարձավ, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում տարեց հայուհի է մահացել։ Նա այն քիչ հայերից է, որն Ադրբեջանի կողմից արցախահայերի բռնի տեղահանությունից հետո որոշել է մնալ Ստեփանակերտում։

Կնոջ մահվան մասին տեղեկատվությունը հայտնել էին ադրբեջանական լրատվամիջոցները՝ շեշտելով, որ կինը մահացել է հոկտեմբերի 20-ի առավոտյան: Ըստ նույն աղբյուրների, կինը մահացել էր սուր թոք-սրտային անբավարարությունից թոքի զարկերակի թրոմբոզի պատճառով։

Տեսանյութեր

Լրահոս