
Թուրքիայի դեսպանը կանչվել է Իրանի ԱԳՆ

Թեհրանում Թուրքիայի դեսպանին՝ Հիջաբի Քըրլանգըչին հրավիրել են Իրանի ԱԳՆ, որտեղ նրան ընդունել է Իրանի արտաքին գործերի նախարարի օգնական Մահմուդ Հայդարին։ Վերջինս հանդիպման ընթացքում, անդրադառնալով Թուրքիայի ԱԳ նախարարի վերջին հայտարարություններին, շեշտել է երկկողմ հարաբերություններին վնասող հայտարարություններից խուսափելու անհրաժեշտությունը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Թեհրանում Թուրքիայի դեսպանը վերահաստատել է իր երկրի դիրքորոշումը՝ Իրանի հետ բարիդրացիական հարաբերությունների պահպանման և ընդլայնման հարցում։ Նա նաև ընդգծել է, որ Թուրքիան և Իրանը, որպես տարածաշրջանային կարևոր երկրներ պետք է սերտորեն համագործակցեն՝ երկկողմ հարաբերությունները զարգացնելու, տարածաշրջանային կապերը ամրապնդելու և առկա սպառնալքիները հաղթահարելու համար։ Քըրլանգըչը նաև հայտնել է, որ Իրանի ԱԳՆ-ի դիրքորոշումները կփոխանցի իր երկրի արտաքին գործերի գերատեսչությանը։
Հիշեցնենք, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հարցազրույց է տվել արաբական «Al Jazeera» հեռուստաընկերությանը, որտեղ անդրադարձել է Իրանի տարածաշրջանային քաղաքականությանը։ Ֆիդանը նշել է, որ Իրանը օգնում է Թուրքիայի կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական» կուսակցությանը (ՔԲԿ-PKK) «Սիրիայի դեմոկրատական ուժերին» (SDG) և «Սիրիայի քրդական ինքնապաշտպանական ուժերին» (YPG):
«Իրանի նախկինում վարած քաղաքականության շարունակականությունը ճիշտ ճանապարհ չի լինի։ Իրանը նոր ժամանակաշրջանում տեղի ունեցած դեպքերից մեծ դասեր է քաղել։ Այլևս հին սխալները շարունակելու ժամանակը չէ»,- նշել էր Ֆիդանը։