
Սպիտակ տունը դադարեցրել է Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է դադարեցնել Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը, հայտնում են AFP-ն, Reuters-ը և այլ լրատվամիջոցներ՝ վկայակոչելով Սպիտակ տան պաշտոնյային, ով ցանկացել է անանուն մնալ:
«Նախագահը հստակ ասել է, որ հավատարիմ է խաղաղությանը։ Մեզ պետք է, որ մեր գործընկերները նույնպես հավատարիմ լինեն այս նպատակին: Մենք դադարեցնում և վերանայում ենք մեր օգնությունը՝ համոզվելու համար, որ այն նպաստում է լուծմանը», – ասված է հայտարարության մեջ, որը մեջբերում է AFP-ն։
Bloomberg-ը և Fox News-ը հայտնում են, որ դադարը կտևի այնքան ժամանակ, քանի դեռ Թրամփը չի համոզվել, որ Ուկրաինայի ղեկավարությունը խաղաղության ձգտում է դրսևորում։
«Սա օգնության մշտական ավարտ չէ, դա դադար է», – մեջբերում է Fox News-ը Թրամփի վարչակազմի ներկայացուցչի խոսքերը։
Ինչպես նշում է Bloomberg-ը, որոշումը կանդրադառնա Ուկրաինա չմատակարարված ամերիկյան ողջ ռազմական տեխնիկայի վրա, այդ թվում՝ տարանցիկ զենքի կամ Լեհաստանով տարանցման սպասող զենքի վրա: