
Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է Իտալիայի դեսպանին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը փետրվարի 28-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին։
Ինչպես տեղեկանում ենք Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տարածած հաղորդագրությունից, Ամենայն Հայոց կաթողիկոսը շնորհավորելով դեսպանին դիվանագիտական առաքելության ստանձման առիթով, մաղթել է արդյունավոր գործունեություն՝ ի նպաստ հայ-իտալական բարեկամական հարաբերությունների առավել զորացման:
Ամենայն Հայոց կաթողիկոսը նշել է, որ երկու ժողովուրդների բարեկամությունն ունի պատմական խորը արմատներ, որի ամրապնդման գործում այսօր էլ կարևոր դերակատարություն ունեն Հայաստանյայց Առաքելական և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցիների ջերմ փոխհարաբերությունները:
Իր խոսքում Հայոց Հովվապետը մտահոգությամբ անդրադարձել է Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի շարունակական ոտնձգություններին, Բաքվում մինչ օրս ապօրինի պահվող հայ ռազմագերիների վերադարձման խնդրին, ԼՂ հոգևոր-մշակութային ժառանգության ոչնչացման և յուրացման քաղաքականությանը։
Այս առնչությամբ Նորին Սրբությունը կարևորել է միջազգային հանրության հստակ դիրքորոշումը Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումների դատապարտման և կանխման գործում։Իր հերթին դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտին, կիսվելով Հայաստանից ստացած իր տպավորություններով, հավաստիացրել է Վեհափառ հայրապետին, որ ջանքեր կգործադրի առավել խորացնելու և ընդլայնելու հայ-իտալական համագործակցությունը տարբեր ոլորտներում: