Օրբանը անհնարին է համարում Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը կտրականապես դեմ է հանդես գալիս Ուկրաինայի անհապաղ անդամակցությանը Եվրամիությանը, բայց հնարավոր է համարում, որ դա կարող է տեղի ունենալ ապագայում։

Պատասխանելով Kossuth ռադիոկայանի հարցերին՝ Հունգարիայի կառավարության ղեկավարը հայտարարել է, որ ներկայում ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությունը լիովին հակասում է իր երկրի շահերին։

Օրբանն ընդգծել է, որ «բացահայտորեն առարկում է» Ուկրաինան ԵՄ ընդունելուն։ Միևնույն ժամանակ, նա չի պնդում, որ այդ իրավիճակը «հավերժ կպահպանվի»։

«Ո՞վ գիտի, թե ինչ կբերի պատմությունը, դա ոչ ոք չի կարող իմանալ, բայց մի բան կարող եմ հստակ ասել՝ այստեղ և հիմա դա անհնարին է», – հայտարարել է վարչապետը։

Նրա կարծիքով՝ Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին «առաջին հերթին կհանգեցնի այն բանին, որ կոչնչանան հունգարացի ֆերմերները և, ընդհանուր առմամբ, հունգարական գյուղատնտեսությունը, իսկ դա կկործանի ամբողջ հունգարական ազգային տնտեսությունը»:

«Ես չեմ կարող ոչ մի բան ասել ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության օգտին՝ հունգարական շահերի տեսանկյունից, և կարող եմ բերել բազմաթիվ փաստարկներ, որոնք հակառակն են ասում այս պահին նրա անդամակցության առումով», – ասել է Օրբանը:

Տեսանյութեր

Լրահոս