Ինչի՞ վրա են ծախսվում բյուջեի փողերը
2013 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի ծախսերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 10.3% ով կամ 19.2 մլրդ դրամով: Ընդ որում, աճ է արձանագրվել ընթացիկ ծախսերի գծով, իսկ ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունների գծով արձանագրվել է նվազում:
Ընթացիկ ծախսերը հաշվետու ժամանակահատվածում կազմել են 199.8 մլրդ դրամ` 91.5%-ով ապահովելով եռամսյակային ծրագրի կատարումը: Նախորդ տարվա հունվար- մարտ ամիսների համեմատ ընթացիկ ծախսերն աճել են 10.9%-ով կամ 19.6 մլրդ դրամով:
Ընթացիկ ծախսերից 19.8 մլրդ դրամ տրամադրվել է պետական հիմնարկների աշխատողների աշխատանքի վարձատրությանը, որը կազմել է եռամսյակային ծրագրի 89.7%-ը և 20.9%-ով գերազանցել նախորդ տարվա նույն ցուցանիշը:
Ծառայությունների և ապրանքների ձեռքբերման նպատակով 2013 թվականի հունվար- մարտ ամիսներին պետական բյուջեից օգտագործվել է 39.6 մլրդ դրամ, որը կազմել է եռամսյակային ծրագրի 88%-ը և 4.4%-ով գերազանցել նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը` հիմնականում պայմանավորված շարունակական ծախսերի աճով:
Պետական պարտքի սպասարկմանը հաշվետու ժամանակահատվածում տրամադրվել է շուրջ 9.9 մլրդ դրամ` կազմելով եռամսյակային ծրագրի 95.6%-ը: Մասնավորապես` նշված գումարից 7.4 մլրդ դրամ տրամադրվել է ներքին, 2.5 մլդ դրամ` արտաքին պարտքի սպասարկմանը: Պետական պարտքի սպասարկման ծախսերը 22%-ով կամ 1.8 մլրդ դրամով գերազանցել են նախորդ տարվա նույն ցուցանիշը:
Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեից տրամադրվել են 7.4 մլրդ դրամի սուբսիդիաներ` կազմելով եռամսյակային ծրագրի 93.8%-ը և 37.1%-ով գերազանցելով նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը:
2013 թվականի հունվար-մարտ ամիսներին պետական բյուջեից տրամադրված դրամաշնորհները կազմել են 23.3 մլրդ դրամ, որից 23 մլրդ դրամը տրամադրվել է պետական հատվածի այլ մակարդակներին, 329.2 մլն դրամը` միջազգային կազմակերպություններին: Մասնավորապես` համայնքների բյուջեներին տրամադրվել են 9 մլրդ դրամ դոտացիաներ, որոնք նախորդ տարվա համեմատ աճել են 11.6% ով: Դրամաշնորհների եռամսյակային ծրագիրն ընդհանուր առմամբ կատարվել է 91% ով, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նշված ծախսերն աճել են 11.9% ով կամ 2.5 մլրդ դրամով:
Ընթացիկ ծախսերի 34.8%-ը` 69.5 մլրդ դրամ, ուղղվել է սոցիալական նպաստների և կենսաթոշակների վճարմանը` ապահովելով ներկայացված բոլոր պարտավորությունների կատարումը և արձանագրելով եռամսյակային ծրագրի 93.5% կատարողական: Մասնավորապես` շուրջ 49 մլրդ դրամ են կազմել կենսաթոշակները, 20.5 մլրդ դրամ` նպաստները: Նախորդ տարվա հունվար-մարտ ամիսների համեմատ նպաստների և կենսաթոշակների ծախսերն ավելացել են 3.8%-ով կամ 2.5 մլրդ դրամով:
Հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջեի միջոցներից 30.2 մլրդ դրամ տրամադրվել է այլ ծախսերին` կազմելով եռամսյակային ծրագրի 91.7% ը և 23.4%-ով գերազանցելով նախորդ տարվա նույն ցուցանիշը:
Պետական բյուջեի ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները 2013 թվականի հունվար-մարտ ամիսներին կազմել են 6.3 մլրդ դրամ կամ եռամսյակային ծրագրի 46.1% ը: Մասնավորապես` 7 մլրդ դրամ են կազմել ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը, որոնց եռամսյակային ծրագիրը կատարվել է 49.5%-ով: 662.3 մլն դրամ է մուտքագրվել ոչ ֆինանսական ակտիվների օտարումից` նախորդ տարվա նույն ժամանակահատվածում մուտքագրված 132.1 մլն դրամի դիմաց: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունների ցուցանիշն արձանագրել է 6.4% կրճատում` հիմնականում պայմանավորված ոչ ֆինանսական ակտիվների օտարումից մուտքերի աճով, ինչպես նաև մեքենաների և սարքավորումների ձեռք բերման, պահպանման և հիմնանորոգման ծախսերի կրճատմամբ: