Վահան Հովհաննիսյանը գիշերները Կոմայգի չի գնում
Այսօր Կենտրոն վարչական շրջանում տեղի ունեցավ ՀՅԴ-ի հանդիպումը բնակիչների հետ: Ելույթից հետո ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը լրագրողների հետ ճեպազրույցում, ի պատասխան այն հարցին, թե ինչպե՞ս եք լուծելու բնակիչներին հուզող Կոմայգու խնդիրը, ասաց. «Ինչի՞՝ հիմա այնտեղ ի՞նչ է»: Երբ լրագրողները տեղեկացրին, որ բնակիչները բողոքում են, որ գիշերային ժամերին այգին վերածվում է համասեռամոլների հավաքատեղիի, Վահան Հովհաննիսյանն ասաց.
«Ես գիշերային ժամերին այդտեղ չեմ գնում, դրա համար ոչ մի անգամ չեմ հանդիպել: Մեր կուսակցությունը ոչ մի փոքրամասնության ճնշելու, հետապնդելու, ծեծելու կողմնակից չէ: Բայց քայլեր կանենք՝ Երևանը մաքուր պահելու բոլոր ազդեցություններից, որոնք կարող են վնաս տալ պատանի սերնդին, դրանում կարող եք վստահ լինել: Դա պետք չէ անել բռի կերպով, ծեծ ու ջարդով, այնպես ինչ-որ բար էին վառել, պայթեցրել… այս ամենը բացարձակ անհրաժեշտ չէ: Կան քաղաքակիրթ ձևեր ու ես կարծում եմ, որ այն միտումը՝ աշխարհում մոդա ընկած, այդ քննարկումները, թե համասեռամոլները ամուսնանալու, երեխա վերցնելու, դաստիարակելու իրավունք ունեն, թե չունեն և այլն, Հայաստանը կկարողանա սահուն շրջանցել, առնվազն տեսանելի ապագայի համար: Բայց դրա համար պետք է ջղագրգիռ շարժումներ չանել»:
Իսկ ինչ վերաբերում է Կոմայգում հավաքվող համասեռամոլներին, ապա Վահան Հովհաննիսյանը կարծում է, որ դա ոստիկանության գործն է: «Եթե պոռնկությունը արգելվում է օրենքով, պոռնիկներին հավաքում են փողոցներից, ուրեմն՝ պետք է հավաքեն նաև բոլոր տեսակներին՝ անկախ սեռից կամ ձգտումներից»: