
Թրամփը վարչակազմը USAID-ի ևս 1600 աշխատակցի է հեռացրել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը փետրվարի 23-ին հայտարարել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ, USAID)՝ աշխարհի տարբեր երկրներում գտնվող գրեթե ամբողջ անձնակազմին վճարվող արձակուրդի ուղարկելու և ԱՄՆ-ում առնվազն 1600 աշխատակցի հեռացնելու մասին։
Այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով աշխատակիցներին ուղարկված նամակը։
Բացառություն են կազմում միայն այն աշխատակիցները, որոնք կարևոր նշանակության ունեն ԱՄՆ ՄԶԳ-ի առաքելության համար, ինչպես նաև հիմնական ղեկավար անձնակազմը։
Այս որոշումից առաջ՝ փետրվարի 21-ին, դաշնային դատավորը թույլ էր տվել, որ ԱՄՆ վարչակազմն առաջ ընթանա ԱՄՆ ՄԶԳ-ի հազարավոր աշխատակիցներին հեռացնելու իր ծրագրերն իրագործելիս՝ չնայած աշխատակիցների ներկայացրած դատական հայցերին։
Թրամփի կողմից նշանակված USAID-ի ադմինիստրատորի տեղակալ Փիթ Մարոկկոն հայտարարել է, որ նախատեսվում է պահել 600 աշխատակցի՝ հիմնականում տեղակայված ԱՄՆ-ում, որոնք նաև կկազմակերպեն արտերկրում գտնվող ամերիկացի աշխատակիցների և ընտանիքների անդամների վերադարձը։
60 տարի գործող գործակալությունում կրճատումներ են ընթանում միլիարդատեր և Թրամփի աջակից Իլոն Մասկի գլխավորած Կառավարության արդյունավետության վարչության կողմից իրականացվող պետական ծախսերի կրճատման ծրագրի շրջանակներում։