
2 ավտոմեքենա են գողացել

Փետրվարի 18-ին Ջանֆիդա բնակավայրի 55-ամյա բնակիչը ավտոմեքենայի գողության մասին հաղորդում է տվել։ Նրա խոսքով՝ փախցրել են իր տան դիմաց կայանված «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենան՝ օգտվելով հանգամանքից, որ դռները եղել են բաց ու բանալին՝ փականում։ Հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի բնակիչ 38-ամյա մի տղամարդ։ Նա ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժին, որտեղ բացատրական աշխատանքի արդյունքում խոստովանել է արարքը։ Ավտոմեքենան հայտնաբերվել է Շենավան գյուղի դաշտամիջյան ճանապարհին: Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։
Մեկ այլ դեպքով փետրվարի 18-ին Շենավան բնակավայրի 26-ամյա բնակիչը հաղորդում է տվել, որ անհայտ անձը, օգտվելով դուռը բաց լինելու և բանալին փականում գտնվելու հանգամանքից, փախցրել է իրեն պատկանող, իր տան դիմաց կայանված «Մերսեդես» մակնիշի մեքենան։
Արմավիրի համայնքային ոստիկանները, Վաղարշապատի բաժնի և Արմավիրի մարզի պարեկների հետ համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում, նույն օրը Արաքս բնակավայրում հայտնաբերել են նշված ավտոմեքենան և Բաղրամյան գյուղի բնակիչ 38-ամյա տղամարդուն, որը գողության կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժին։
Բացատրական աշխատանքի արդյունքում նա խոստովանել է, որ ավտոմեքենան ինքն է գողացել:
Երկու դեպքով էլ կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն: