«Խորհրդարանում գողական գնացողներ շատ կան»

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը օրերս այցելել էր Գյումրի և հանդիպում ունեցել լրագրողների հետ: Ոստիկանապետը մասնավորապես խոսել էր Գյումրիում հնչած կրակոցների մասին, տվել որոշակի գնահատականներ և նշել, որ, այսպես ասած, «գողական մտածելակերպը պետք է վերանա»: Վ. Գասպարյանը հայտարարել էր.

«Զանգում են իմ տեղակալին՝ իմ առաջին տեղակալին, և ասում են՝ էդ տղերքին մի, էլի, տարեք-բերեք, իրանք լավ տղերք են, բանավոր կասեն, բայց չգրեն էլի, մի տեսակ ամոթ ա, էլի: Եվ իմ խոսքն է եղել՝ հիմա դուք պատգամավո՞ր եք, թե՞ գողական, արա՛»:

Galatv.am-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի նախկին պատգամավոր` ԱԺԴ կուսակցության ղեկավար Արշակ Սադոյանի կարծիքով, «գողականին և գողական ժարգոնին» տիրապետող պատգամավորներ խորհրդարանում կան, չնայած այն հանգամանքին, որ Սերժ Սարգսյանը իր ելույթներից մեկում խոսում և փորձում էր ապացուցել հակառակի մասին:

Արշակ Սադոյանը համակարծիք էր ոստիկանապետի հետ: Վերջինս նշեց, որ խոսքը չի վերաբերում միայն «գողական ժարգոնով» արտահայտվող, խորհրդարանում տեղ զբաղեցրած պատգամավորներին, այլ նաև նրանց, ովքեր պարբերաբար ահաբեկում են և վախեցնում:

Ա. Սադոյանի կարծիքով, «գողականների մթնոլորտը» մաքրելու համար նախ պետք է ձայն չտալ գողական գնացող պատգամավորին:

Թեմայի վերաբերյալ կարծիք է հայտնել նաև ՀՀԿ-ական, Ազգային ժողովի պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը: Պարոն Ավետիսյանը նախ իրեն չի վերագրել ասվածը և շեշտել է, որ խորհրդարանում «գողականության» առկայությունը խրախուսելի չէ:

Իսկ նախկին պատգամավոր Արշակ Սադոյանի կարծիքը չի կիսել այժմյան ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մինասյանը: Վերջինս ասել է, որ նման մտածելակերպով կամ գործելաոճով առաջնորդվող պատգամավորներ խորհրդարանում մեծամասնություն չեն կազմում: Պարոն Մինասյանը հավելել է, որ ՀՀ ոստիկանապետը իր խոսքում նկատի չի ունեցել բոլորին:

Տեսանյութեր

Լրահոս