![](/banners/BeFunky-design.jpg)
Մերձավանում տեղի ունեցած աղմակահարույց դեպքից հետո 3 անձ է կալանավորվել
![](https://168.am/wp-content/uploads/2024/07/kalanq.jpg)
Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի տան մոտ հնչած կրակոցներից հետո 3 անձ է կալանավորվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ խոսնակ Կիմա Ավդալյանը։
ՔԿ–ն փետրվարի 5-ին հայտնել էր, որ Մերձավանում հնչած կրակոցների գործով 2 ձերբակալված կա։
«Քրեական հետապնդում է հարուցվել 9 անձի նկատմամբ։ 3-ի նկատմամբ խափանման միջոց կիրառվել է կալանքը, 3-ի նկատմամբ՝ տնային կալանքը»,– ասաց նա:
Հիշեցնենք` փետրվարի 5-ին` ժամը 00։40-ի սահմաններում, կրակոցներ են հնչել Մերձավանում, 1 մարդ մահացել է, 1-ը` վիրավորվել։ Կրակոցները հնչել են Մհեր Ախտոյանի տան մոտ։
Դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել ՔՕ 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն), 335-րդ հոդվածով (hրազենի ապօրինի շրջանառություն), 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանություն), 44-155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության փորձ)։
Ըստ shamshyan.com–ի` 35-ամյա Տիգրան Մանուկյանը, 41-ամյա Գեորգի Մանուկյանը, 21-ամյա Արսեն Մարդոյանը, 22-ամյա Մարտիկ Բաղդասարյանը և 29-ամյա Գրիգոր Օհանյանը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել ու ծեծել են 22-ամյա Վլադիմիր Խդրյանին։
Վիճաբանությանը միացել են Խդրյանի ընկերները` 29-ամյա Արմեն Ղազարյանը, 28-ամյա Արթուր Գալստյանը, 31-ամյա Մարզպետ Գալստյանը և դեռևս չճշտված մի քանի անձինք։
Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի։ Ղազարյանը իր մոտ եղած ինքնաձիգով կրակահերթ է արձակել, որի հետևանքով Գրիգոր Օհանյանը կրծքավանդակի շրջանում ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել է, իսկ Ն․ Նալբանդյանը նստատեղի շրջանում ստացել է հրազենային վնասվածք և տեղափոխվել «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։
Ըստ ԶԼՄ–ների` սպանվածը Ախտոյանի հորաքրոջ որդին է, վիրավորը՝ ընկերը։