![](/banners/BeFunky-design.jpg)
Էկվադորում նախագահական ընտրությունների առաջին փուլում հաղթողը չի որոշվել
![](https://168.am/wp-content/uploads/2025/02/imgonline-com-ua-Resize-OfO6TIxaULd9Z.jpg)
Էկվադորում կայացած նախագահական ընտրություններում ձայների 80%-ի հաշվարկից հետո չի հաջողվել որոշել առաջին փուլում հաղթողին: Երկրում, ամենայն հավանականությամբ, կանցկացվի քվեարկության երկրորդ փուլ:
Այդ մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։Քվեաթերթիկների 80 տոկոսի հաշվարկից հետո գործող նախագահ պահպանողական Դանիել Նոբոան ստացել է ձայների 44,43 տոկոսը, ձախ ուժերի ներկայացուցիչ Լուիսա Գոնսալեսը՝ 44,17 տոկոսը։ Այսպիսով, նրանք, ամենայն հավանականությամբ, կանցնեն երկրորդ փուլ, որը պլանավորված է անցկացնել ապրիլի 13-ին։
Քվեարկությանը կարող էր մասնակցել շուրջ 13,7 մլն ընտրող։ Առաջին փուլում մասնակցությունը գերազանցել է 83 տոկոսը։Առաջին փուլին մասնակցել է 16 թեկնածու։ Նրանց բոլորի նախընտրական հիմնական խոստումը դարձել է հանցավորության և նարկոմաֆիայի դեմ պայքարը։
AP-ն հիշեցնում է, որ Նոբոան ժառանգել է բանանի առևտրով վաստակած ընտանեկան կարողությունը: Նա աշխատել է իր հոր Noboa Corp ընկերությունում՝ զբաղվելով ծովային փոխադրումներով, լոգիստիկայով և առևտրով:
2021 թ. դարձել է Ազգային ժողովի անդամ, այնտեղ գլխավորել է տնտեսական զարգացման հանձնաժողովը։
Իսկ Գոնսալեսը համարվում է Էկվադորի նախկին նախագահ Ռաֆայել Կոռեայի (պաշտոնավարել է 2007-2017 թթ.) հովանավորյալը։ Նա Կոռեայի օրոք աշխատել է պետական ապարատում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ. պատգամավոր է եղել 2021-ից մինչև 2023 թվականի մայիսը։