Ամենամեծ դավաճանությունն եք գործում՝ այդ տարածքները, որպես զենք, տալով Ադրբեջանին. Պայքար Ղալումյան
Պաշտպանության նախարարության ռազմական հակահետախուզության բաժնի նախկին պետ, գնդապետ Պայքար Ղալումյանը հիշում է՝ 1980-ական թվականներին ադրբեջանցիները գալիս և բնակվում էին Հայաստանի տարածքներում՝ Վերին Աքսիպարայում և հարակից տարածքներում. մի տարի իրենք էին գալիս, մյուս տարի՝ բերում էին իրենց բարեկամներին, հաջորդ տարի այդ տարածքներում թաղում էին իրենց հարազատներին՝ կամաց-կամաց այդ տարածքները դարձնելով ադրբեջանական բնակչությամբ գյուղեր։
«Մինչև 1980-ական թվականները Հայաստանում անկլավներ չեն եղել. դրանք արհեստածին են։ 1980-ական թվականներից ադրբեջանցիները նախ եկան այդ տարածքներում ապրեցին, հետո կամաց-կամաց իրենց բարեկամներին բերեցին, հետո իրենց մահացած հարազատներին թաղեցին՝ աստիճանաբար ձևավորելով գյուղեր, որոնք հետագայում Մոսկվայի միջոցով կարողացան ստանալ։ 1988 թվականից հետո այդ տարածքներում ապրող ադրբեջանցիները հարձակումներ էին գործում մեր հայկական գյուղերի վրա, անասնապահների վրա, անասուններ գողանում, սպանում, ուստի այդ ժամանակ էր, որ որոշվեց՝ հայկական գյուղերը պետք է ազատել ադրբեջանցիներից, որ հնարավոր լինի այդ տարածքներում ապրել. սկսեց կռիվը»,- այս մասին 168TV-ի եթերում պատմեց Ղալումյանը։
5R7dvLMR3Cg
Նրա խոսքով՝ 1992 թվականին հայկական զինուժը կարողացավ դատարկել Վերին Աքսիպարան, ապա՝ Բարխուդարլու-Սոֆուլուն, հետո՝ Տիգրանաշենը։
«Այնպես որ, ադրբեջանցիները հիմա ցանկանում են այդ նույն տարածքները վերցնել, որովհետև իրենց համար այդ տարածքներով մարտավարական խնդիր են լուծում, օրինակ՝ Վերին Աքսիպարայի մոտից ուղիղ դուրս են գալիս Վանաձոր և կտրում այդ տարածքը Հայաստանից։ Բարխուդարլու-Սոֆուլուից կարողանում են կտրել դեպի Ոսկեպար և դեպի Շամշադին գնացող ճանապարհը. Տիգրանաշենին տիրանալով՝ կտրում են Սյունիքով միջանցքը Հայաստանից։ Եթե մենք այդ տարածքները տալիս ենք ադրեջանցիներին, ապա գործում ենք Հայաստանի նկատմամբ ամենամեծ դավաճանությունը. մենք նրանց ձեռքը տալիս ենք նոր զենք՝ մեր ազգն անդամահատելու համար»,- ասաց Պայքար Ղալումյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։