![](/banners/BeFunky-design.jpg)
Արաղչին ու Գալագերը քննարկել են Իրանի և Վատիկանի հարաբերությունները, տարածաշրջանային և համաշխարհային զարգացումները
![](https://168.am/wp-content/uploads/2025/02/imgonline-com-ua-Resize-zwsvjA1bYr9Z.jpg)
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին և Վատիկանի պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ հարաբերությունների քարտուղար արքեպիսկոպոս Պոլ Ռիչարդ Գալագերը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային խնդիրներն ու համաշխարհային զարգացումները։
Այս մասին հայտնում է IRNA-ն՝ մանրամասնելով, որ կողմերն ընդգծել են շարունակական կրոնական երկխոսության և խաղաղության ու արդարության համար փոխադարձ ջանքերի կարևորությունը։Նշվում է, որ պաշտոնյաները մտքեր են փոխանակել Իրանի և Վատիկանի միջև հարաբերությունների ներկա վիճակի, ինչպես նաև ավելի լայն տարածաշրջանային և գլոբալ զարգացումների շուրջ։
«Արաղչին ընդգծել է Իրանի և Վատիկանի միջև երկարամյա և դրական հարաբերություններն՝ ընդգծելով երկու կողմի միջև կրոնական երկխոսության և խորհրդակցությունների շարունակականության կարևորությունը»,-նշված է իրանական լրատվամիջոցի տարածած հաղորդագրության մեջ։ Վերջինիս հավելմամբ՝ Արաղչին հույս է հայտնել, որ մտքերի փոխանակումները կուժեղացնեն տարբեր դավանանքների հետևորդների միջև փոխըմբռնումը և կնպաստեն աշխարհում խաղաղության և արդարության հաստատմանը` հիմնված աբրահամյան կրոնների ընդհանուր արժեքների վրա:
«Արքեպիսկոպոս Գալագերն, իր հերթին, բարձր է գնահատել Իրանի կառուցողական մոտեցումը երկկողմ փոխգործակցության պահպանման և ընդլայնման հարցում՝ ընդգծելով խաղաղության պահպանման և համաշխարհային արդարությունը խթանելու համար հավաքական ջանքերի անհրաժեշտությունը»,-նշված է հաղորդագրության մեջ։