
Էդմոնին հանդիպել եմ, ասել է՝ ինձ ստիպում են, որ ես դատարան դիմեմ, քեզ էլ կալանավորելու են, եթե իրենց հետ լեզու չգտնես. Դիմեց, դարձավ դեսպան. Մամիկոն Ասլանյան
«Էդմոն Մարուքյանն իմ համաքաղաքացին է։ Վանաձորյան այդ ողջ թնջուկի մեջ, երբ սազանդարների միջոցով ասում էին՝ քաղաքապետը հողեր է օտարել, ի՜նչ քաղաքական գործընթաց, որևէ մեկը չի ասում, որ ինձ ճաղերի հետևում պահելով՝ ճաղերի հետևում են պահել նաև Վանաձորի կառավարումը։ Որևէ մեկը չի ասում, որ այդ գործընթացի արդյունքում տապալվել է Վանաձորի կառավարումը: Ու դա արել են Էդմոն Մարուքյանի թեթև ձեռքով»,- «Պրեսսինգ» հաղորդաշարում ասաց քաղբանտարկյալ,Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը՝ անդրադառնալով Վանաձոր համայնքի ավագանու ընտրություններին ու դրանցում «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի դերակատարությանը:
Վանաձորի ընտրված համայնքապետը հիշեցրեց՝ իր կալանավորումից 2 օր առաջ է հանդիպել Էդմոն Մարուքյանին:
«Իրենք ընտրությունների արդյունքում ոչ մի մանդատ չէին ստացել։ Ուզում էին բողոքարկել։ 9 տեղամաս բացեցին, տեսան՝ հաշվարկի ընթացքում իմ ձայներն ավելանում են, իրենցը՝ պակասում, հետո որոշեցին դիմել դատարան։ Ինձ հետ կապ հաստատեցին, պայմանավորվեցինք, որ Էդմոնը չի դիմի դատարան, որովհետև անիմաստ է դատարան դիմելը, ես էլ աշխատանքի կտեղավորեմ իր առաջին համարին, երջանկահիշատակ մի տղայի, շատ կարգին մարդու։
Դրանից 2 օր հետո նորից ինձ հետ կոնտակտի է դուրս եկել Էդմոնը, հանդիպել ենք, ասել է՝ ինձ ստիպում են, որ ես դատարան դիմեմ, քեզ էլ կալանավորելու են, եթե իրենց հետ լեզու չգտնես։ Այդպես բաժանվել ենք, բնականաբար, լեզու գտնելու խնդիր չկար։ Ես իրենց ասել եմ՝ դուք պատերազմական ընտրարշավ եք տարել իմ դեմ, ի՞նչ համաձայնության մասին եք խոսում։ Ես համայնքային համագործակցությանը դեմ չեմ, բայց քաղաքական համաձայնություն չէր կարող լինել։ Այդ մարդկանց համար կարևոր չէին ընտրության արդյունքներն ու տրամաբանությունը։ Ես չեմ ապրում Էդմոնի պես, բայց հասկանում եմ իրեն։ Էդմոնին գրել տվեցին, ու Էդմոնի բողոքի հիման վրա 3 տարի Վանաձորի ավագանին նիստ չէր արել։ Չարացած չեմ, Էդմոնն ինձ համար բացահայտում չէր, այնպես չէր, որ ես իր մասին ավելի լավ կարծիք ունեի և դրանից անակնկալի եկա։ Հետո իմ տեղեկություններով՝ այդ ծառայության համար նրան տվեցին Հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնը»,- ասաց Մամիկոն Ասլանյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: