Շուշիի ուղղության հրամանատար-կոորդինատորը չի ցանկացել աշխատել Քննչական կոմիտեի նոր նախագահի հետ

2024 թվականի փետրվարին այն ժամանակ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Սերգեյ Առստամյանը նշանակվել էր ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական:

Նա 2020-2022թթ. եղել է Արցախի Հանրապետության զինվորական կոմիսար, իսկ 2022-2023թթ.՝ ԱՀ պաշտպանության նախարարի տեղակալ:

168.amգրել էր, որ մեր տեղեկություններով, Շուշիի ուղղության հրամանատար-կոորդինատորը հենց Սերգեյ Առստամյանն է եղել:

Սա, ըստ էության, փաստում էր նաև 2020-ի նոյեմբերի 5-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ ֆեյսբուքյան էջում գրառումը, որտեղ նա տեղեկացրել էր, որ այցելել է Շուշի:

Կարդացեք նաև

«Այսօր այցելել եմ Շուշի, հանդիպել քաղաքի պաշտպանների հետ, տեղում քննարկել թշնամու բազմաքանակ ուժերի դեմ մեր պայքարի ռազմավարությունը: Պրոֆեսիոնալ զինվորականների և կամավորականների համատեղ ջանքերով ստեղծված պաշտպանական ամրությունները և տղաների վճռականությունը հույս են ներշնչում, որ բերդաքաղաքն անառիկ պահելու համար գործադրվում են բոլոր հնարավոր ջանքերը: Շուշին իր հոգևոր և մշակութային արժեքներով ու ավանդույթներով՝ մեր ամենամեծ ժառանգություններից է, որ ստացել ենք պապերից և նույն հայկական ոգով պետք է փոխանցենք մեր սերունդներին:

Հ.Գ. Հատուկ շնորհակալություն եմ հայտնում «Արցախի հերոս», հայ ժողովրդի նվիրյալ զավակ, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանին»,- գրել էր Արայիկ Հարությունյանը:

Այդ գրառմանը կցված էին լուսանկարներ, որտեղ երևում է Սեյրան Օհանյանը՝ կանգնած, այդ ժամանակ Արցախի ԱԱԾ տնօրենի լիազորությունները կատարող Կամո Աղաջանյանը և գնդապետ Սերգեյ Առստամյանը, որն այդ պահին զինվորական կոմիսար էր, ով փաստորեն Շուշիի կորստից և 44-օրյա պատերազմի պարտությունից հետո դարձել էր Արցախի պաշտպանության փոխնախարար:

Հիշեցնենք, որ Արգիշտի Քյարամյանը ևս եղել է Շուշիում և այնտեղից դուրս է եկել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ:

Իսկ 2024 թվականի նոյեմբերի 18-ին Արգիշտի Քյարամյանը հայտնել էր ՔԿ նախագահի պաշտոնից հրաժարվելու իր որոշման մասին:

168.am-ը ՀՀ քննչական կոմիտեից հետաքրքրվել է՝ Սերգեյ Առստամյանը շարունակո՞ւմ է պաշտոնավարել:

ՔԿ նախագահի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը մեր հարցին ի պատասխան՝ տեղեկացրեց, որ ՔԿ նախագահի պաշտոնում Քյարամյանին փոխարինած Արթուր Պողոսյանի՝ 2024 թվականի դեկտեմբերի 18-ի հրամանով Սերգեյ Առստամյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

«Հիմք ընդունելով Սերգեյ Առստամյանի դիմումը, ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով և «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով.

հրամայում եմ

1. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սերգեյ Վլադիմիրի Առստամյանին ազատել զբաղեցրած պաշտոնից՝ անձնական դիմումի համաձայն՝ 2024 թվականի դեկտեմբերի 18-ից»,- նշվում է ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանի հրամանում:

Տեսանյութեր

Լրահոս