ԵԽ պատգամավորը գրավոր հարցում է հղել Կայա Կալասին Բաքվում անօրինաբար պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ
Եվրոպական խորհրդարանի ձախերի խմբակցության անդամ, Իսպանիան ներկայացնող բասկ պատգամավոր Պեռնանդո Բառենա Արզան գրավոր հարցում է ներկայացրել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին և պատասխաններ պահանջել ԵՄ բարձրագույն դիվանագետից՝ բարձրացնելով Ադրբեջանում պահվող քաղաքական բանտարկյալների և հայ գերիների ճակատագրի հետ կապված լուրջ մտահոգություններ։
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ իր գրավոր հարցման մեջ եվրախորհրդարանականը հղում է անում անկախ աղբյուրներին, որոնց համաձայն՝ Ադրբեջանում ավելի քան 300 քաղաքական բանտարկյալներ, այդ թվում՝ հայտնի գործիչներ, ինչպիսիք են դոկտոր Գուբադ Իբադօղլուն և Անար Մամադլին, պահվում են անմարդկային պայմաններում՝ զրկված լինելով բժշկական օգնությունից։ «Բացի այդ, 2020 թվականից ի վեր Ադրբեջանը շարունակում է անօրինական կերպով պահել 23 հայ գերիների, որոնք ենթարկվում են նվաստացուցիչ վերաբերմունքի», – նշված է հարցման մեջ։
Բառենա Արզան պահանջում է պարզաբանումներ՝ արդյո՞ք Մալթայում դեկտեմբերի 4-ին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման ժամանակ ԵՄ բարձր ներկայացուցիչը պահանջել է բոլոր քաղաքական բանտարկյալների ազատ արձակումը, և արդյո՞ք առաջնահերթություն է տրվել մարդու իրավունքներին։
Արդյո՞ք Ադրբեջանից պահանջվել է վերջնաժամկետ՝ Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման համար ու արդյո՞ք ԵՄ-ն զգուշացրել է ադրբեջանական պաշտոնյաներին նրանց նկատմամբ հնարավոր պատժամիջոցների մասին, ինչպես բազմիցս պահանջել է Եվրոպական խորհրդարանը։
Այս հարցադրումներով Իսպանիայից եվրախորհրդարանականը շեշտադրում է ԵՄ-ի շարունակական մարտահրավերը՝ դիվանագիտական ու տնտեսական հարաբերությունները Ադրբեջանի հետ, հատկապես՝ էներգետիկ համագործակցության ոլորտում՝ դա համատեղելով մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ աճող մտահոգությունների հետ։ Պատգամավորն իր գրավոր հարցմանը դեռ պատասխան չի ստացել։