Աղասի Իսահակյանի до-ն և после-ն. ծայրը ծայրին հասցնող քննիչից մեծահարուստ պաշտոնյա դառնալու ճանապարհը

Մարդկանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման ֆոնին հետաքրքիր տեղեկություններ են 168.am-ին հասնում Քննչական կոմիտեի Շիրակի մարզային վարչության պետ Աղասի Իսահակյանի կարիերային աճի ու ֆինանսական միջոցների թռիչքի մասին, ում մասին ասում են՝ ընդդիմադիր լինի, Իսահակյան Աղասին գործ կարի, ընդ որում՝ հաճույքով:

Աղասի Իսահակյանը մասնավորապես 2007թ. աշխատել է որպես քննիչ և, բնականաբար, ամեն տարի հայտարարագիր է ներկայացրել: Աղասի Իսահակյանի այդ տարիների հայտարարագրից չի երևում, թե նա արտառոց ֆինանսական միջոցների է տիրապետել: Ապրել է սովորական կյանքով, ունեցել բնակարան Գյումրիի Անի թաղամասում: Նաև ծնողներից մեծ ժառանգություն չի ստացել ու չէր կարող ստանալ, որովհետև հայրն էլ արտառոց կարողություններ չի ունեցել ու իր աշխատանքի բնույթով, տաքսու վարորդ լինելու հանգամանքով պայմանավորված՝ չէր էլ կարող ունենալ:

Աղասի Իսահակյանը ներկայումս, ըստ գյումրեցիների, քաղաքի ամենահարուստ մարդկանցից է: Համաքաղաքացիները, սակայն, պնդում են, բացի իր աշխատանքից, եկամուտների այլ աղբյուր չի ունեցել:

Ըստ Գյումրիից ստացված տեղեկությունների՝ Աղասի Իսահակյանը 2015թ. «Ինֆինիտի» մակնիշի մեքենա է գնել վարկային միջոներով: Մեքենայի արժեքը եղել է 10.000 դոլար, ինչից հետո իր գործընկերների մոտ անընդհատ սկսել է բողոքել իր ֆինանսական վիճակից՝ ասելով, որ իզուր էլ գնեց այդ մեքենան, որ դա իր համար ծանր բեռ է, և այլն:

Կարդացեք նաև

Կարիերայի աճը

Աղասի Իսահակյանին, սակայն, օգնության է հասնում բախտի գործոնը: Պարզվում է, որ վերջինիս հորաքրոջ որդին Չեխիայում համատեղ բիզնես է ունեցել հետագայում՝ 2018թ. իշխանափոխությունից հետո, Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցրած Հայկ Գրիգորյանի հետ, ով այդ տարիներին զբաղեցրել է զինվորական քննչական վարչության պետի պաշտոնը: Հենց հորաքրոջ որդու խնդրանքով ու Հայկ Գրիգորյանի միջնորդությամբ էլ Աղասի Իսահակյանին տեղափոխում են զինվորական քննչական վարչություն՝ որպես քննիչ: Հենց դրանից ու հատկապես՝ Հայկ Գրիգորյանի՝ ՔԿ նախագահ նշանակվելուց հետո, երբ Աղասի Իսահակյանը նշանակվում է ՔԿ Շիրակի մարզային քննչական պետի պաշտոնում, սկսվում է Աղասի Իսահակյանի ֆինանսական կյանքի ոսկեդարը:

Գյումրիում համառ խոսակցություններ են պտտվում, որ Աղասի Իսահակյանի համար իր ֆինանսական վիճակը նախ կայունացնելու, ապա բարելավելու աղբյուր են հանդիսացել հատկապես բանակից փախած, ծառայելուց խուսափող զինապարտ անձանց բանակից ազատելու դրվագները, բնականաբար, ոչ նրանց սիրուն աչքերի համար:

Մասնավորապես, Գյումրիում պնդում են, որ ծառայությունից խուսափող, հետախուզման մեջ գտնվող Հ.Բ.-ի գործը հենց Աղասի Իսահակյանն է քննել: Ըստ Գյումրիում տարածվող լուրերի՝ այդ գործը փակելը Հ.Բ.-ի համար 8000 ԱՄՆ դոլար է արժեցել: Գործը կարճվել է, ու հետախուզումը՝ վերացվել:

Դրանից հետո Աղասի Իսահակյանը ձեռք է բերում Գյումրիի կենտրոնում գտնվող, Ազգային ժողովի (ԱԺ) նախկին պատգամավոր Աշոտ Աղաբաբյանին պատկանող գրասենյակի շենքը: Շենքը ներկայումս որպես առանձնատուն է ծառայում Աղասի Իսահակյանի համար: Ի դեպ, գյումրեցիների պնդմամբ՝ առանձնատունը Աշոտ Աղաբաբյանից Աղասի Իսահակյանը գնել է 150.000 ԱՄՆ դոլարով:

Գյումրիում բոլորը խոսում են, որ միայն առանձնատան վերանորոգման համար Աղասի Իսահակյանը ծախսել է 50.000 ԱՄՆ դոլար:

Հիմա էլ Աղասի Իսահակյանը, Շիրակի մարզի դատախազ Արմեն Չիչոյանի ու նրա տեղակալ Արեգ Խաչատրյանի հետ միասին, ըստ գյումրեցիների, անգնահատելի ծառայություն է մատուցում իշխանություններին՝ ընդդիմադիր հայացքներ ունեցող շիրակցիների վերաբերյալ գործեր հորինելով ու ընդհակառակը, կոծկելով ՔՊ-ականների ու նրանց մերձավորների հանցավոր արարքները:

Գյումրիում պնդում են, որ հենց մարզի դատախազ Արմեն Չիչոյանի հրահանգով է Աղասի Իսահակյանն ամեն ինչ անում՝ Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռան՝ Գյումրիի նախկին փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանի անվան հետ առնչվող գործը փակելու համար, ով լինելով բարձրաստիճան պաշտոնյա, Կադաստրի պետական կոմիտե է ներկայացրել կեղծ համաձայնագիր իբր հարևանի մահացած կնոջից առ այն, թե վերջինս տալիս է իր համաձայնությունը Գյումրիի կենտրոնում՝ Մայակովսկի փողոցում գտնվող տան պատն Աննա Հակոբյանի ազգականին նվիրելու համար:

Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունների գնացող ՔՊ-ականներին Նիկոլ Փաշինյանի ու Աննա Հակոբյանի անվան հետ առնչվող որևէ մեկի մասնակցությամբ քրեական վարույթն, իհարկե, ցանկալի չէ: Դա Աղասի Իսահակյանը լավ է հասկանում:

Աղասի Իսահակյանը, ըստ Գյումրիում շրջանառվող խիստ հավաստի տեղեկությունների, նաև Գյումրիի կենտրոնում՝ հենց Շիրակի մարզպետարանի մոտ է ապօրինաբար հող ձեռք բերել, որի վերաբերյալ հետո կարծես թե նաև քրեական վարույթ է հարուցվել, սակայն կարողացել է նաև այդ գործը բարեհաջող փակել:

Մարզային քննիչներն էլ են ուշագրավ տեղեկություններ փոխանցում. Օրինակ՝ ասում են, որ բենզինի կտրոններն Իսահակյանը ստանում, բայց իրենց չի տալիս, ու ստիպված են իրենց միջոցներով գնալ դեպքի վայր՝ քննչական գործողությունների օրինակ:

Բացի դրանից, նաև նշում են, որ Աղասի Իսահակյանի ծննդյան տարեդարձն էլ իրենց վրա էժան չի նստում, և յուրաքանչյուր քննիչ մոտ 50-60.000 դրամի չափով պարտավորված է անձամբ իր շնորհավորանքը փոխանցել շեֆին:

Նախկինների ժամանակների կոռուպցիայի մասին 7 տարի ամեն առիթով ինքնադրսևորվող ՔՊ-ականները շատ լավ գիտեն Աղասի Իսահակյանի до-ն և после-ն, և եթե աչք են փակում ենթադրյալ կոռուպցիոն թեմաների վրա, փոխարենը պետք է ստանան բացառապես հլու-հնազանդ կամակատար:

Ի դեպ, նյութը պատրաստ էր հրապարակման, երբ տեղեկացանք, որ Աղասի Իսահակյանի գլխին սև ամպեր են կուտակված, և ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանը որոշում ունի՝ ո՛չ ինքը, ո՛չ իր տեղակալ Հովհաննես Պողոսյանը՝ ՔՊ-ական գյումրեցի պատգամավոր Կարեն Սարուխանյանի մտերիմ ընկերն ու հովանավորյալը, չեն պաշտոնավարելու:

Տեսանյութեր

Լրահոս