Եռաբլուր գալիս ամոթի ու պարտքի զգացում եմ ունենում. սրանք ուզում են բանակն աշխատավարձ ստանալու տեղ դարձնեն, որ պատերազմի ժամանակ փախչեն. Արտակ Զաքարյան
ՀՀ իշխանություններին արտաքին ուժերի աջակցության հետևանքով է, որ ընդդիմությունը մինչ օրս չի կարողացել իշխանափոխություն անել։ Այս մասին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։
«Զարմանում եմ, թե ընդդիմությանն ինչպես մինչ օրս չի հաջողվել լուծել երկրի առջև դրված գլխավոր խնդիրը` իշխանափոխությունը։ Պատճառը գիտեմ, իհարկե, խոսքն արտաքին ուժերի աջակցության մասին է։ Այսպիսի իշխանություն Հայաստանը 300-400 տարին մեկ կարող է ունենալ, այնպիսի իշխանություն, որն ամեն ինչ անում է սեփական երկրի, շահերի, ժողովրդի և անվտանգության դեմ։ Մենք շատ ավելի լավ ընդդիմություն կլինեինք, եթե նորմալ իշխանություն ունենայինք։ Աննորմալ իշխանության պարագայում որոշ ժամանակ անց ընդդիմության խոսույթն էլ է դառնում աննորմալ»,- նշեց Արտակ Զաքարյանը։
Անդրադառնալով օրվա խորհրդին` պաշտպանության փոխնախարարը շեշտեց` զինվորականները կռվելիս, իրենց կյանքը զոհաբերելիս իմացել են, որ այդ ամենն անում են հանուն հայրենիքի և անվտանգության։
Նա շեշտեց, որ «Եռաբլուր»-ում գտնվող տղաները չեն պատկերացրել, որ մի օր լինելու է սահմանազատման հանձնաժողով, որտեղ հանդիպումների և փաստաթղթերի միջոցով են տարածքներ տրվելու, կամ լինելու է Նիկոլ Փաշինյան, որը ստորագրություններով ավելի շատ հող է հանձնել, քան մարտական գործողությունների ընթացքում է օկուպացվել։