#ՀԻՄԱ. ԱՌԵՎՏՐԱԿԱՆՆԵՐՆ` ԸՆԴԴԵՄ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԸ ԲԱՐՁՐԱՑՆԵԼՈՒ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ. #ՈՒՂԻՂ
Շրջանառության հարկին վերաբերող փոփոխություններից դժգոհող առևտրականները կառավարության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում՝ պնդելով, որ հունվարի 1-ից ուժի մեջ մտած փոփոխությունը մի քանի անգամ ավելացրել է իրենց հարկային բեռը, ինչի հետևանքով կարող են լուրջ խնդիրների առաջ կանգնել։
«5%-ին մի ձև հասցնում էինք, հիմա դարձրին 10%, թղթաբանությունն ավելացրին։ Նպատակը չեմ հասկանում, սենց որ գնա, մանր ու միջին բիզնեսը կփակվի։ Նիկոլ Փաշինյանն էլ էս մասով ինչ ասում ա` շաբլոն բաներ ա ասում, իրականության հետ չի համընկնում ոչ մի բան»,- ասաց ակցիայի մասնակիներից մեկը։
Մեկ այլ Ա/Ձ Գագիկ Հովսեփյանն էլ շեշտեց` շրջհարկին առնչվող փոփոխությունները փոքր բիզնեսը կվերացնեն։
«Սա փոքր բիզնեսի վերջն է։ Նիկոլ Փաշինյանն ասում է` աղքատությունը մեր գլխում է, շատ բան է ասում, ես մինչ այս կարողացել եմ պահել իմ ընտանիքը, հիմա չեմ կարողանա, ստիպված եմ լինելու փակել այն։ Արդեն զանգել եմ տարբեր տեղեր (հավանաբար արտերկրում ապրող ընկերներին և բարեկամներին նկատի ունի – խմբ.), որ գնամ, բայց Նիկոլ Փաշինյանին դա օգուտ կլինի՞»,- ասաց Հովսեփյանը։
Նշենք, որ ՀՀ-ում միկրոձեռնարկատերերի մեծ մասը, փոքր և միջին մի շարք բիզնեսներ 2025 թ. հունվարի 1-ից սկսած հարկային նոր պայմաններով են գործելու։
Հարկային օրենսգրքում կատարված փոփոխություններով՝ կրկնակի բարձրանում է շրջանառության հարկի դրույքաչափը։ Օրենքի մեկ այլ փոփոխությամբ շրջանառության հարկով աշխատող մի շարք ոլորտներ կանցնեն ավելացված արժեքով հարկվող համակարգ։
Այն միկրոձեռնարկատերերը և ՓՄՁ-ները, որոնք գործում են կամ կսկսեն գործել շրջանառության հարկի համակարգում, 2025 թվականից ստիպված կլինեն վճարել կրկնակի դրույքաչափով։
Ըստ այդմ` առևտրի սուբյեկտների համար հարկը սահմանվել է 10 %, արտադրության դեպքում` 7 %, հանրային սննդի դեպքում` 12 %։
Միկրոձեռնարկատիրության ցանկից դուրս կբերվեն և կանցնեն շրջանառության հարկի համակարգ մարզերում առևտրային գործունեությունը, վարսավիրական, մարմնի խնամքի, սաունաների, շոգեբաղնիքների գործունեությունը, ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և վերանորոգման ծառայությունները, միջնորդական գործունեությունը` անշարժ գույքի վարձակալություն և վաճառք, ծրագրային ապահովման մշակման գործունեությունը և այլն։