Մահացել է երգիչ Աբրահամ Ռուսսոյի մայրը. նա ապրում էր Երևանում
Այսօր՝ հունվարի 22-ին, մահացել է ռուսական էստրադայի հայտնի աստղ, հայազգի երգիչ Աբրահամ Ռուսսոյի մայրը՝ տիկին Մարիան:
«91 տարեկանում կյանքից հեռացավ մեծ մայրս։ Հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ ժամը՝ 18:00-ին, Սուրբ Հովհաննես եկեղեցում», – այս մասին տեղեկացրել է Աբրահամ Ռուսսոյի քրոջ որդին՝ քառօրյա և 44 օրյա պատերազմների մասնակից Հակոբ Պէրպէրեանը:
Մասնագիտությամբ բուժքույր հալեպահայ Մարիան ամուսնու մահից հետո՝ երեխաների հետ տեղափոխվում է Փարիզ։ Այնուհետեւ, ճակատագիրը նրան բերել է Մոսկվա, իսկ կյանքի վերջին տարիներն անցկացրեց Հայաստանում:
Հիշեցնենք, որ Ռուսսոն մշտապես առանձնակի ջերմությամբ էր խոսում մոր մասին՝ ընդգծելով, թե ամենածանր տարիներին ինչպես է նա միայնակ մեծացրել զավակներին: Երգչի երգացանկում առանձնակի տեղ է գրավում Ավետիք Իսահակյանի բառերով գրված «Մայրիկ ջան» ժողովրդական երգը, որի համար ստացել է հատուկ մրցանակ:
Տիկին Մարիան կմնա հարազատների հուշերում եւ սրտերում՝ որպես սիրասուն մայր, սրտացավ տատիկ եւ մեծ հոգատարությամբ լեցուն հայուհի:
Ցավակցում ենք Պէրպէրեանների և Իփջիյանների ընտանիքին՝ սիրելի մոր եւ տատիկի մահվան կապակցությամբ:
Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի…