Բաժիններ՝

Թրամփը հրամանագիր է ստորագրել Մեքսիկական ծոցն Ամերիկյան ծոց վերանվանելու մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կատարողական հրամանագիր է ստորագրել, որով Մեքսիկական ծոցը պաշտոնապես վերանվանվում է Ամերիկյան ծոց, իսկ Հյուսիսային Ամերիկայի ամենաբարձր լեռը՝ Դենալին՝ ՄաքՔինլի լեռ: Փաստաթուղթը հրապարակվել է Սպիտակ տան կայքում։Հրամանագրի համաձայն՝ ԱՄՆ ներքին գործերի նախարարության ղեկավարը, որը տնօրինում է երկրի բնական պաշարները, 30 օրվա ընթացքում պետք է լուծի անվանափոխության հետ կապված բոլոր ձևականությունները։ Այնուհետև գերատեսչությունը պետք է փոփոխություններ կատարի Աշխարհագրական անվանումների պաշտոնական համակարգում (GNIS): Այնուհետև անհրաժեշտ է ապահովել, որ պետական ​​պաշտոնական փաստաթղթերում այդ աշխարհագրական օբյեկտներն անվանվեն բացառապես «Ամերիկյան ծոց» և «ՄաքՔինլի լեռ»:

Մեքսիկական ծոցը վերանվանելու անհրաժեշտությունը հիմնավորելու համար փաստաթղթում նշվում է, որ այն ամենամեծն է աշխարհում և շարունակում է առանցքային դեր խաղալ ԱՄՆ-ի տնտեսական կյանքում։ Իր կատարողական հրամանում Թրամփը շեշտում է, որ նոր անվանման միջոցով հարգում է այս կարևոր տնտեսական ռեսուրսը և դրա կարևորությունը Միացյալ Նահանգների տնտեսության համար:

2015 թվականին ԱՄՆ այդ ժամանակվա նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը, հաշվի առնելով Ալյասկայի բնիկների ցանկությունը, վերադարձրեց Դենալի լեռանն իր պատմական անվանումը։ Թրամփն իր հրամանագրով լեռանը վերադարձնում է իր նախկին անվանումը՝ ի պատիվ Միացյալ Նահանգների 25-րդ նախագահ Ուիլյամ ՄաքՔինլիի. նրա անունը լեռանը տրվել էր 1917 թվականին։

Փաստաթղթում նշվում է, որ Օբամայի վարչակազմի որոշումը «վիրավորել է ամերիկացի ժողովրդին իսպանաամերիկյան պատերազմում հերոսաբար հաղթանակի առաջնորդած ՄաքՔինլիի հիշատակը»։Հունվարի 20-ին Թրամփը պաշտոնապես դարձավ Միացյալ Նահանգների 47-րդ նախագահը։

Պաշտոնը ստանձնելուց հետո նա հայտարարեց Մեքսիկայի հետ սահմանին արտակարգ դրություն մտցնելու և այնտեղ զորքեր ուղարկելու մասին։ Նա հրամանագրեր է ստորագրել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից և Փարիզի համաձայնագրից Վաշինգտոնի դուրս գալու, ծննդյան իրավունքով ԱՄՆ քաղաքացիության տրամադրումը դադարեցնելու մասին և վստահեցրել է, որ երկրում կճանաչվի միայն երկու սեռ։ Թրամփը հայտարարել է, որ իր երդմնակալությունը նշանավորեց Ամերիկայի «ոսկե դարի» սկիզբը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս