«Եթե Բաքվում մեր հայրենակիցներին դատապարտեցին՝ հաջորդ քայլով Ադրբեջանը ցուցակ է տրամադրելու ՀՀ իշխանությանը». Մարտին Եսայան
Հունվարի 17-ին Բաքվի դատարանում մեկնարկել և այսօր էլ շարունակվում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների շինծու գործով դատական նիստը։ Այդ գործընթացը լայն լուսաբանվում է ադրբեջանական լրատվամիջոցների կողմից, որոնք արդեն իսկ մեղավոր են կարգել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին՝ տարբեր հանցագործություններ վերագրելով նրանց։
Արցախյան երեք պատերազմների մասնակից, ռազմական փորձագետ Մարտին Եսայանի բնորոշմամբ՝ Բաքվի դատարանում ընթացող գործընթացը ոչ թե դատական, այլ Արցախի նախկին 3 նախագահներին անպայման մեղավոր կարգելու և ցմահ դատապարտելու գործընթաց է։
«Ինչ-որ տեղ ես հույս եմ փայփայում, որ որոշակի գործընթացների արդյունքում հնարավոր կլինի մեր հայրենակիցներին վերադարձնել հայրենիք՝ բացի Արցախի նախկին 3 նախագահներից։
Ադրբեջանն այսօր այս գործընթացով ցանկանում է աշխարհին ցույց տալ, թե՝ տեսեք, արդադատության համար դատական գործընթաց ենք իրականացնում, եթե այդպես լիներ՝ մեր հայրենակիցները վաղուց արդեն հայրենիքում կլինեին, որովհետև նրանց առաջադրված մեղադրանքներն աբսուրդի ժանրից են»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Մարտին Եսայանը։
Նա վստահ է՝ եթե հայը չստիպեց ՀՀ իշխանություններին քայլեր ձեռնարկել գերիների վերադարձի համար, ապա Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին դատապարտելուց հետո, Հայաստանից պահանջելու են հանձնել բոլոր այն անձանց, որոնք այս կամ այն կերպ մասնակցել են Արցախի պաշտպանական մարտերին ու Արցախի անկախության ակունքներում են եղել։
«Եթե մեր հայրենակիցներին դատապարտեցին, հաջորդ քայլով Ադրբեջանը ցուցակ է տրամադրելու ՀՀ իշխանություններին՝ պահանջելով ցուցակում նշված անձանց, դե Հայաստանի իշխանությունն էլ կասի՝ բան չեմ կարող անել, պետք է հանձնեմ այդ մարդկանց։
Ադրբեջանի պահվածքը նույնիսկ շատ երկրներում նորմալ չեն ընդունում, քննադատում են Ալիևի հայտարարություններն ու ասում, որ՝ «Հայաստանը ֆաշիստական երկիր չէ», բայց ՀՀ իշխանությունը լռում է, այսպես չի կարելի»,- հավելեց մեր զրուցակիցը։
Նրա խոսքով՝ իրավիճակը կարող էր կտրուկ փոխվել, եթե Հայաստանը սկսեր շահ փնտրել ռուս-իրանական ռազմական համաձայնագրում, այդ երկրների հետ սերտ համագործակցեր։
«Բոլորս էլ տեսնում ենք, թե այսօրվա ՀՀ իշխանությունն ինչ ուղի է ընտրել, այն առհասարակ չի համընկնում Հայաստանի ու հայ ազգի շահերի հետ։ Հետևաբար, Հայաստանի համար կարող է իրավիճակը փոխվել, եթե փոխվի իշխանությունը։ Վստահ եմ, բոլորն էլ գիտակցում են, որ այս իշխանությունների ընտրած ճանապարհը Հայաստանը տանում է անդունդ, իրենք բռնել են «խաղաղության պայմանագրի» թղթից, բայց տեսնում ենք, թե Ադրբեջանի ղեկավարն ինչ ռազմատենչ հայտարարություններ է անում։ Այդ երկրի ղեկավարը ռազմական գործողությունների է պատրաստվում, ոչ թե խաղաղության։ Ալիևն իր բնակիչներին ասում է, որ «Հայաստանը ֆաշիստական երկիր է, ուստի պետք է ոչնչացնել», այս ամենը հասկանալ է պետք»,- ընդգծեց Մարտին Եսայանը։
Նա նաև ընդգծեց՝ հայ ազգը ներքին ու արտաքին ուժերին, միջազգային կառույցներին պետք է մշտապես ներկայացնի Բաքվում ընթացող գործընթացների մասին, ստիպի նրանց հետևողական լինել։
«Կրկնում եմ՝ եթե գործուն քայլեր չձեռնարկեն, այս գործընթացը վատ է ավարտվելու, հատկապես Արցախի նախկին 3 նախագահների դեպքում, ինչը ես մեծ մասամբ կապում եմ ՀՀ իշխանությունների հետ ձեռք բերած պայմանավորվածությունների հետ։ Այսքանը»,- շեշտեց մեր զրուցակիցը։