«Աննա Հակոբյանի կրթական ծրագրին էիք մասնակցում. կրթվեցի՞ք». Քրիստինե Վարդանյանը՝  Ալեքսանդր Սիրունյանին

Այսօր ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն ամբիոնից հայտարարեց, որ իշխող ուժն իր համար նշաձող է սահմանել՝ ԲԴԽ անդամի թեկնածու է բերել մեկին, ով այնպիսի հայտարարություններ է արել, որոնք պարզապես չի կարող կարդալ։

«Սա նոր մաստեր կլաս է, նոր քաղաքականություն, որ այնպիսի թեկնածուներ առաջադրեն, որին չես կարող ցիտել՝ ցույց տալու իր արժեհամակարգը, որովհետև դու նորմալ մարդ ես ու ոչ ցենզուրային բառապաշար չես օգտագործում։

Իհարկե, առանց այս մեջբերումների, ուզում եմ մեր հայրենակիցները պատկերացում կազմեն, թե ում է առաջադրել իշխող ուժը։ Հարցնում են՝ եղբայր, դու հողամաս ունե՞ս, որը, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ասում է՝ տասնապատիկ ավելի էժան ես ձեռք բերել, քան գրանցել ես, ինչպե՞ս է այդպես եղել, նա պատասխանում է՝ ֆիկտիվ գործարք եմ արել։ Այս մարդուն ասում են՝ այսքան հայհոյանք ես գրել, ինչպե՞ս ես բարեվարքության կանոններ սահմանելու այլոց համար, պատասխանում է՝ իմ էջը կոլեկտիվ է կառավարվում, հո մյուսը Արթուր Հովհաննիսյանը չէ՞ կամ Նիկոլ Փաշինյանը»,- նշեց Քրիստինե Վարդանյանը՝ խոսելով ԲԴԽ անդամի պաշտոնում ՔՊ-ի ներկայացրած թեկնածու Ալեքսանդր Սիրունյանի մասին։

Պատգամավորը նաև ընդգծեց՝ մեկ օրինակով ցանկանում է ցույց տալ, որ երկրում, ներկայիս իշխանության պարագայում կա քաղաքական հալածանք, քաղաքական բանտարկումներ ու հետապնդումներ։

Կարդացեք նաև

«Ուրեմն մենք ունենք 329 հոդված, որը սահմանում է անձի կամ անձանց խմբի նկատմամբ քաղաքական հայացքներով պայմանավորված ատելություն, անհադուրժողականություն քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը դատապարտելուն։ 2023 թվականին սեպտեմբերին ՔՊ ձեր թեկնածուն գիտեք՝ ի՞նչ կոչ է արել՝ Երևանի փողոցներում ցույց անող մարդկանց, ոչ ավել, ոչ պակաս, զրկել քաղաքացիությունից, տանել Ամասիա ու սպասել այնքան, մինչև մի երկիր կգա ու այդ մարդկանց կվերցնի։ Ու սա ձեր ժողովրդավարության բաստիոնում»,- ընդգծեց Քրիստինե Վարդանյանը։

Նա ԱԺ ամբիոնից ցույց տվեց պրոդյուսեր, դատարանի դահլիճում մահացած Արմեն Գրիգորյանի լուսանկարը՝ շեշտելով, նա կալանավորվել էր 329 հոդվածով ու մահացել է դատարանի դահլիճում։ Ստացվում է, որ Ալեքսանդր Սիրունյանը ՔՊ-ական է, ապահովագրված է, իսկ կալանավորված մյուս անձինք՝ ոչ, որովհետև ունեն ընդդիմադիր հայացքներ։

«Ես ուզում եմ հասկանալ՝ Աննա Հակոբյանի կրթական ծրագրին որ մասնակցում էիք, կրթվեցի՞ք։ Ուզում եմ հասկանալ՝ այսուհետև բարձրագույն պաշտոններին այդ հանդիպումներին մասնակցողների՞ն եք առաջադրելու»,- հավելեց Քրիստինե Վարդանյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս