Հպարտ քաղաքացին պետք է շատ աշխատի, որ իշխանության աթոռներին հայտնված երիտհեղափոխականները վայելեն

Հայաստանի հպարտ քաղաքացիները ժամանակին հույս ունեին, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո իրենք լավ են ապրելու, որ «թալանը» հետ են բերելու ու բաժանեն իրենց։ Սակայն նրանց այս հույսերն էլ չարդարացան։ Ո՛չ իրենք սկսեցին լավ ապրել, ո՛չ էլ «թալանը» հետ բերեցին։

Հիմա արդեն Նիկոլ Փաշինյանը ձեռքերը լվացել է։ Մոռացել է, որ ասում էր, թե իր իշխանության գալուց հետո քաղաքացին լավ է ապրելու։ Հիմա արդեն հպարտ քաղաքացին ինքը պիտի իր գլխի ճարը տեսնի։ Նիկոլ Փաշինյանը նրան է մեղադրում, որ լավ չի ապրում, որ չի կարողանում բարելավել իր կյանքը։

Ասում է՝ ինքն է պատասխանատու, որ աղքատ է։ Իշխանության մեղքը չէ, որ քաղաքացին վատ է ապրում, որպեսզի լավ ապրի, պետք է շատ աշխատի։

«Լավ ապրել՝ նշանակում է շատ աշխատել, շատ վաստակել, շատ ծախսել։ Լավ ապրելու ուրիշ տարբերակ չկա,- իր ֆեյսբուքյան էջում օրերս գրել էր Նիկոլ Փաշինյանը։

Կարդացեք նաև

Սա ծաղր է Հայաստանի երբեմնի հպարտ քաղաքացիների հասցեին, որոնք Նիկոլ Փաշինյանին բերեցին իշխանության՝ հույսով, որ հետո լավ են ապրելու։

Այն, որ այսօր Հայաստանի բնակչության գրեթե կեսն աղքատ է, լավ չի ապրում, Նիկոլ Փաշինյանը նրանց մեղադրում է ծույլ լինելու մեջ։ Ասում է՝ քիչ եք աշխատում, դրա համար էլ քիչ եք վաստակում ու լավ չեք ապրում։

Մեծ խելք պետք չէ հասկանալու համար, որ շատ աշխատելը դեռ շատ վաստակելու հիմք չէ։ Բազմաթիվ քաղաքացիներ այսօր էլ շատ են աշխատում, բայց քիչ են վաստակում։ Քիչ են վաստակում, որովհետև աշխատավարձերն այնքան ցածր են, որ մարդիկ անգամ շատ աշխատելով՝ չեն կարողանում շատ վաստակել։

Սա ոչ թե աշխատողի, այլ իշխանության մեղքն է, որ միջոցներ չի ձեռնարկում, որպեսզի քաղաքացին կարողանա իր աշխատանքի դիմաց լավ վաստակել։

Իրականում «շատ աշխատել» ասելով՝ Նիկոլ Փաշինյանը ոչ թե քաղաքացու լավ ապրելու մասին է մտածում, այլ այն մասին, թե ինչպես անի, որպեսզի քաղաքացին շատ աշխատի, շատ հարկեր վճարի, որպեսզի իրենք ավելի շատ իշխանական վայլելքներից օգտվեն ու ավելի լավ ապրեն։

Այն, որ բախտի բերմամբ իշխանության բարձր աթոռներին հայտնվածները հանկարծ սկսեցին բոլորը մեկ մարդու նման լավ ապրել, մի՞թե նշանակում է, որ նրանք շատ են աշխատում՝ դրա համար էլ շատ են վաստակում ու լավ են ապրում։ Եթե այդպես է, ինչո՞ւ իշխանության գալուց առաջ լավ չէին ապրում, սուրճի փող չունեին, պարտքով էին փոշեկուլ ու հեռուստացույց գնում։

Այս մարդիկ սկսեցին լավ ապրել ոչ թե նրա համար, որ սկսեցին շատ աշխատել, այլ, որովհետև սկսեցին օգտվել իշխանության ընձեռած հնարավորություններից։ Ու քիչ է՝ բարձր աշխատավարձ, մի բան էլ՝ բարձր պարգևավճարներ են ստանում, պետական լծակներից են օգտվում, ծառայողական մեքենաներով են երթևեկում, պետության հաշվին արտասահմաններում են շրջագայում։ Սա նրանց շատ աշխատելու, առավել ևս՝ լավ աշխատելու հետ բացարձակապես կապ չունի։

Երիտհեղափոխականները, որոնք իշխանության գալուց հետո հեղափոխական տեմպերով բարելավեցին իրենց կյանքը, մի՞թե շատ կամ լավ են աշխատում, որ սկսել են լավ ապրել։ Բացարձակ. Նրանց «շատ կամ լավ աշխատանքի» արդյունքն է, որ հիմա վայելում է ամբողջ հայ ժողովուրդը, որը կանգնած է ոչ միայն սոցիալական, այլև գոյաբանական խնդիրների առաջ։

Այնպես որ, խնդիրը բոլորովին էլ շատ աշխատելու մեջ չէ։ Մարդիկ կարող են ամբողջ ամիս աշխատել ու ստանալ ընդամենը 70-80 հազար դրամ աշխատավարձ։ Ընդ որում՝ ինչպես պետական, այնպես էլ՝ մասնավոր հատվածում։

Այդպիսի աշխատավարձով անհնարին է լավ ապրել, ու այսպիսի մարդկանց քանակը շատ մեծ է։

Դեռ մի կողմ թողնենք մասնավոր հատվածը. Ո՞վ է մեղավոր, որ Հայաստանում նվազագույն աշխատավարձն ընդամենը 75.000 դրամ է։ Կարող էր 175.000 կամ 275.000 դրամ լինել, ու շատերը հաստատ ավելի լավ կապրեին, քան ապրում են հիմա։ Բայց իշխանությունը նվազագույն աշխատավարձը չի բարձրացնում, որ մարդիկ ավելի լավ ապրեն։ Փոխարենը՝ թողնում է, որ ամբողջ ամիս աշխատեն ու ստանան ընդամենը 75.000 դրամ։

Սրա մեղավորը քաղաքացին չէ, այլ իշխանությունն է, ինչքան էլ Նիկոլ Փաշինյանը փորձի արդարանալ, թե քաղաքացու աղքատ լինելու պատասխանատուն քաղաքացին է։

Գուցե թոշակառուն է՞լ է մեղավոր, որ լավ չի ապրում, որովհետև թոշակը ցածր է։

Իշխանության խնդիրն է՝ այնքան թոշակ վճարել, որպեսզի թոշակառուն կարողանա եթե ոչ՝ նույնիսկ լավ, ապա՝ գոնե մարդավայել ապրել։

Թե չէ, հեշտ է ձեռքերը լվանալ ու բոլորին մեղադրել։ Բոլորը մեղավոր են, որ լավ չեն ապրում, իսկ իշխանությունները հրեշտակներ են։

Այն, որ Հայաստանում պաշտոնապես շուրջ 185.000 գործազուրկ կա, ու այդքան մարդ աշխատանք չունի, ինչպես կարող են այս մարդիկ շատ աշխատել։ Իշխանության խնդիրն է՝ պայմաններ ստեղծել, որպեսզի այս մարդիկ նախ աշխատանք ունենան, հետո նոր խրատներ կարդալ ու մեղադրել ծուլության մեջ։

Փաստն այն է, որ վերջին մեկ տարում Հայաստանում գործազրկությունն ավելացել է։ Նախկին 12 տոկոսից հասել է 13,3 տոկոսի։ Գործազուրկները մեկ տարում գրեթե 18,5 հազարով ավելացել են։

Կրճատվել է նաև զբաղվածների քանակը՝ մեկ տարում ավելի քան 9000-ով։

Գործազրկության ավելացման ու զբաղվածության կրճատման պայմաններում, պարզ չէ՞, որ ավելի շատ մարդ պիտի վատ ապրի։

Այլ բան, որ քաղաքացին պիտի շատ աշխատի, որպեսզի պատահաբար իշխանության աթոռներին հայտնված երիտհեղափոխականները, որոնք երկիրն աղետի են հասցրել, վայելեն։ Սրա համար են հարկատուին հերոս հռչակել, հորդորում են ավելի շատ աշխատել ու ավելի շատ հարկեր վճարել, որպեսզի իրենք, քիչ է, բարձր աշխատավարձ, նաև ամեն ամիս հարկատուների հաշվին, չգիտես որ լավ արածի համար, պարգևավճարներ ստանան ու շատ ավելի լավ ապրեն։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս