«Ադրբեջանի հետ էսկալացիայի հիմք չկա, ՀՀ-ն ամեն խնդրի մասով ունի առաջարկ և լուծում». Սուրեն Պապիկյան

«ՀՀ սահմանների անվտանգությունը մենք պետք է երաշխավորենք մեր բալանսավորված քաղաքականությամբ»,- այս մասին հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով հարցին, եթե երեկ ստորագրված Հայ-ամերիկյան ռազմավարական համագործակցության կանոնադրությունը որքանով կարող է երաշխավորել ՀՀ սահմանների անվտանգությունը։

Նրա խոսքով՝ բեռը դնել միայն Զինված ուժերի, մեկ գործընկերոջ վրա՝ լուծում չէ։ Համատեղ ջանքերով, նաև երկխոսությամբ պետք է լուծվի երկրի առջև ծառացած խնդիրները։

«Հռետորաբանությունը՝ հռետորաբանություն, բայց ցանկացած ագրեսիայի համար պետք են հիմքեր։ Ես՝ որպես ՀՀ պաշտապնության նախարար, չեմ տեսնում հիմքեր, որ պետք է տարածաշրջանն էսկալացվի, որովհետև յուրաքանչյուր պրոբլեմի մասով Հայաստանն ունի առաջարկներ ու լուծումներ։

Կարծում եմ՝ հնարավոր է երկխոսությամբ, նաև մեր առաջարկները քննարկելով՝ կարողանանք մեր մոտեցումները, տարածաշրջանում խաղաղության հասնելու ընկալումները բոլորին հասանելի դարձնել»,- ասաց Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչպես է վերաբերվում Ալիևի վերջին հայտարարություններին, մասնավորապես՝ «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ։

Կարդացեք նաև

Հաջորդ հարցին՝ մինչև այսօր Ադրբեջանն ունեցե՞լ է ագրեսիայի որևէ հիմք, որ այսօր ՀՀ սուվերեն տարածքում է, Սուրեն Պապիկյանը պատասխանեց.

«Ես չեմ ուզում խոսել, թե նախկինում ինչ է եղել, ես խոսում եմ նրա մասին, թե ինչպես եմ պատկերացնում խաղաղությունը տարածաշրջանում։ Նորից եմ կրկնում, որ բոլոր հնչեցված հարցերն ունեն իրենց պատասխաններն ու լուծումները։ Դրանց մի մասը փոխանցվել է մեր գործընկերներին, կա երկխոսություն, և յուրաքանչյուր հարցում մենք պատրաստ ենք ներկայացնել մեր առաջարկներն ու պատկերացումները խաղաղության մասին»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս