«Կա՛մ երեք նախագահները փրկում են Հայաստանը, կա՛մ Նիկոլը նրանց հանձնելու է Ալիևին. ընտրությունն իրենցն է». Հուսիկ Արա
Բանաստեղծ Հուսիկ Արայի բնորոշմամբ՝ Նիկոլ Փաշինյանի գործողությունները զավեշտի ժանրից են, այն դեպքում, երբ Ալիևը բացահայտ Հայաստանին սպառնում է պատերազմով:
«Ալիևն ասում է՝ Հայաստանին ուղղակի կերպով կոչնչացնեմ, բայց Նիկոլ Փաշինյանն ասում է՝ մենք հավատարիմ ենք խաղաղության օրակարգին, ինչպե՞ս է հավատարիմ մնալու»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Հուսիկ Արան։
Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն օրերս ցուցաբերեց հերթական անգրագիտությունը՝ կապված Արևմտյան և Արևելյան Հայաստանների հետ։
«Արևմտյան և Արևելյան Հայաստան եզրույթը ո՛չ ես եմ հորինել, ո՛չ ինքը, ո՛չ էլ այն ստեղծվել է 50 կամ 100 տարի առաջ։ 387 թվականին Մեծ Հայքը բաժանվել է Արևմտյան և Արևելյան Հայաստանների։ Հիմա ասում է՝ Արմավիրն է Արևմտյան Հայաստանը, սա տգետ է։ Նիկոլի պատասխանն այնպիսին է, որ Թուրքիայի արտգործնախարարն անմիջապես ողջունում է, պատկերացնում եք, չէ՞, Թուրքիան է ասում, որ լավ է պատասխանում։ Հիմա ի՞նչ անենք, ամբողջ հայոց պատմությունը ջնջենք ու ապրենք, մոռանա՞նք ամեն ինչ։
Հրանտ Մաթևոսյանն ասում է՝ «Մարդ ու անասուն տարբերվում են հիշողությամբ», ախր քեզ ցեղասպանել են, դու չպետք է մոռանաս տեղի ունեցածը։ Նիկոլն Արցախը հանձնեց՝ ձայն չհանեցինք, նա մարսեց, հիմա էլ Հայաստանին է անցել, մենք սրանց վաղուց քշած պետք է լինեինք։
Նույն թուրքն ասում է՝ Հառիճավանքն իմն է, ախր դուք ո՞ւր էիք, որ Գեղարդ ու Գառնի էին սարքում, Հառիճավանք էին սարքում»,- հավելեց Հուսիկ Արան։
Բանաստեղծը հիշեցրեց՝ դեռևս 2020 թվականին է գրել ՀՀ 3 նախագահներին, կցանկանար տեսնել կողք կողքի, ուս ուսի։ Հիմա այն պահն է, երբ պետք է բոլորը միավորվեն, ստեղծեն ժամանակավոր կառավարություն, 1 կամ 1,5 տարի հետո ձևավորեն Կառավարություն։
«Չգիտեմ, հասկանո՞ւմ են, որ մենք ուրիշ ճար չունենք, ուզում եմ ասել՝ Սարդարապատ, բայց հիմա «բայրաքթարի» կռիվ է, ժողովուրդը չի կարող անզեն կանգնել «բայրաքթարների» տակ։ Սարդարապատը կարող է այդ միավորումը լինել։
Անգրագետի նման Փաշինյանը նստում է կնոջ հետ, ինչ-որ անհասկանալի բաներ են խոսում, իբր ժողովրդին է կրթում, ինչ ասեմ՝ ժողովրդի մի մասն այդ «կուտն» ուտում է։
Կրկնում եմ՝ պահն օրհասական է, Հայաստանին սպառնում է ֆաշիստական պետությունը։ Կա տողատակ, որը գուցե շատերը չեն հասկանում՝ Ալիևն ասում է, որ «կա՛մ Հայաստանի Կառավարությունը կոչնչացնի ՀՀ-ում ֆաշիզմը, կա՛մ մենք կանենք»։
Դեռևս 3,5 տարի առաջ եմ ասել, որ ՀՀ երեք նախագահներին Նիկոլը հանձնելու է, այն բոլոր հրամանատարներին, այսինքն՝ մի քանի հազար մարդ պետք է ձերբակալի ու ուղարկի Բաքու։ Կա՛մ երեք նախագահները գնում են Արայիկ Հարությունյանի կողքին նստելու Բաքվի բանտում, կա՛մ փրկում են Հայաստանը։ Նրանց կա՛մ Նիկոլն է հանձնելու Ալիևին, կա՛մ Ալիևն է գերեվարելու։ Ընտրությունն իրենցն է։
Սա պատրաստ է տալ ամեն ինչ»,- շեշտեց մեր զրուցակիցը։
Այս համատեքստում Հուսիկ Արան Նաև ընդգծեց՝ եթե այս օրհասական պահին հնարավոր չէ միավորվելը, ապա ե՞րբ է հնարավոր։ Հայաստանում կան քաղաքական գործիչներ, գիտնականներ, մտավորականություն, առավել ևս՝ պատմաբաններ, որոնք ամեն պահի պետք է պատասխանեին Նիկոլ Փաշինյանի կեղծ թեզերին, այս բոլորը պետք է միավորվեն հանուն Հայաստանի։
«Սա ոչ թե քաղաքականությամբ զբաղվել է, որով շատերն իրենց լռությունն արդարացնում են, այլ ֆիզիկական բնաջնջումից փրկվել։
Հիմա մենք ինչո՞ւ ենք աշխարհից բողոքում, եթե մեր երկրի ղեկավարը ձայն չի հանում, ո՞վ պետք է ձայն հանի, Իրանի՞, թե՞ Ռուսաստանի նախագահը։
Մեր ժողովրդի մեծ մասը հիմա պատրաստ է քայլ անելու, ուղղակի լիդեր չի տեսնում, լիդերը եղավ՝ ժողովուրդը կկանգնի։ Նիկոլն ուժեղ է ժողովրդի աջակցությամբ, եթե չկա ժողովրդի աջակցությունը, Նիկոլը ոչինչ է ու ոչինչ չի կարողանա անել։ Եթե նախորդ պայքարները ղեկավարեին նախկին նախագահները, ապա այդ պայքարը վաղուց հաղթանակով էր պսակվել։
Իմ ամբողջ ցավն այն է, որ մենք անընդհատ պետականություն ենք կորցրել տարիներ շարունակ։ Գենետիկ ապուշ ենք, ինչ ասեմ, թուրքը, վրացին, մյուսը կարողանում են, մենք ինչո՞ւ չենք կարողանում»,- նշեց Հուսիկ Արան։
Նա նաև ասաց, որ գաղափարական ու պատմական մեծ նշանակություն են ունեցել Արցախն ու Սյունիքը հայ ազգի համար՝ Արցախի կորստից հետո, եթե Սյունիքն էլ կորսվի, ապա հայ ազգը ոչնչացվելու է։
«Այս ազգի մեջ կան մարդիկ, որ ուրախանում են Արցախի կորստի համար, Արցախից հետո լա՞վ են ապրում, անվտա՞նգ են ապրում։ Հայաստանն էլ չկորցնելու համար պետք է վերադարձնել Արցախը, որքան էլ դա այս պահին անհավանական թվա։ Մենք բոլորս պատերազմ չենք ուզում, ու եթե պատերազմ չենք ուզում, պետք է իշխանություն փոխվի՝ Նիկոլը հստակ տանում է պատերազմի։ Նա մնաց՝ և՛ երկիր է հանձնելու, և՛ պատերազմ է լինելու, որովհետև Ալիևը թամբած ձիուն նստած՝ ուզում է պատմության մեջ մնալ որպես մեծ զորավար։ Մեծ խելք պետք չէ ունենալ այս տարրական բաները հասկանալու համար։ Հայաստանի կործանումն է այս պահին դրված սեղանին, ու այս իշխանությունը դա իրագործում է»,- եզրափակեց Հուսիկ Արան։