Սիրիայի նոր իշխանությունները պարետային ժամ են սահմանել Հոմսում՝ ալավիների անկարգությունների կապակցությամբ
Սիրիական ոստիկանությունը գիշերը պարետային ժամ է սահմանել Հոմս քաղաքում՝ ցույցերի ժամանակ անկարգությունների առնչությամբ: Ըստ բնակիչների՝ դրանք կազմակերպել են ալավիական և շիա մահմեդական կրոնական համայնքների անդամները, հայտնում է Reuters-ը։
Բնակիչներից ոմանք հայտարարել են, որ ցույցերն առնչվում են վերջին օրերին ճնշումների և բռնություններին, որոնք ուղղված են եղել երկար ժամանակ նախկին նախագահ Բաշար Ասադին հավատարիմ համարվող ալավիական փոքրամասնության անդամների դեմ:
Պետական լրատվամիջոցները հայտնում են, որ պարետային ժամը սահմանվել է մեկ գիշերով՝ տեղական ժամանակով 18:00-ից (ըստ Գրինվիչի՝ 15: 00-ից) մինչև հինգշաբթի առավոտյան ժամը 8-ը:
Ավելի փոքր ցույցեր են անցկացվել նաև Սիրիայի ափին կամ մերձակայքի այլ շրջաններում, որտեղ ապրում է երկրի ալավիական փոքրամասնության մեծ մասը, ներառյալ՝ Տարտուս քաղաքում:
Երկրի նոր առաջնորդները բազմիցս խոստացել են պաշտպանել կրոնական փոքրամասնություններին: Վերջիններս վախենում են, որ նախկին ապստամբները, որոնք արդեն իշխանության գլուխ են, կարող են փորձել մահմեդական կառավարման պահպանողական ձև պարտադրել իրենց: