Ի՞նչ հափշտակություն, ամոթ չէ՞… Հավաքականի 4 արտասահմանցի մարզիչներին ու նրանց թիմերին ՀՖՖ-ն մի լումա աշխատավարձ տվե՞լ է. Ռուբեն Հայրապետյանն է վճարել իր գրպանից. Ամրամ Մակինյան

«Իրավաբանները գիտեն, որ քրեական վարույթը հարուցվում է փաստի առթիվ, բայց այս դեպքում վստահաբար կարելի է  ասել, որ այն հարուցվել է անձի դեմ, կոնկրետ Ռուբեն Հայրապետյանի: Նոր ոչինչ չկա, ոչ մի նոր քրեական գործ, 5 տարի առաջ սկսված քաղաքական հետապնդման շարունակությունն է»,- այսօր ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախագահ Ռուբեն Հայրապետյանի պաշտպան Ամրամ Մակինյանը:

Նրա խոսքով՝ ՀՖՖ-ն միլիոնավոր դրամներ է պարտք Ռուբեն Հայրապետյանին, և այդ պարտքը չտալու համար պատրաստ են ամեն ինչի:

«Այս գործը նախաձեռնողներին հարց ունեմ: Ո՞րն է պատճառը, որ Զեյթունի կահույքի ֆաբրիկայի գործը քննելիս 40 կազմակերպության մասին տվյալներ են պահանջել ու ստացել:  Այս քրեական գործի նյութերն ուղիղ ապացուցում են, որ Ռուբեն Հայրապետյանի 30 հատորանոց գործի նյութերը ոչ թե քրեական, այլ քաղաքական հետապնդման մասին է: Սա մեզ համար մեծ նվեր է: Մարդիկ, բանուգործները թողած, քչփորել են ամեն ինչ, որ մի բան հորինեն»,- ասաց Ամրամ Մակինյանը:

Վերջինս նկատեց՝ գործի նյութերում գլխավոր դատախազի հանձնարարականը կա ոստիկանությանը, որ այս գործի հիմքերն ապահովեն, ինչին ոստիկանությունը հեքիաթով է պատասխանել:

Կարդացեք նաև

«Ֆուտբոլի ֆեդերացիան շատ մեծ գումարներ է պարտք Զեյթունի կահույքի ֆաբրիկային, և վերջինս դեռ տարիներ առաջ դիմել է դատարան՝ այդ գումարները ստանալու համար: Խոչընդոտվել են այդ գործի համար անհրաժեշտ փորձաքննությունները, դրա համար քանդվել են մարզադաշտեր»,- ասաց Ռուբեն Հայրապետյանի շահերի ներկայացուցիչը՝ մեջբերելով փորձագետի ցուցմունքները, ով տեսել է՝ կան քանդված հատվածներ թե՛ Արմավիրի, թե՛ Վանաձորի մարզադաշտերում:

Ամրամ Մակինյանը նշեց՝ ինքը քանդված մարզադաշտերի մասին տեղեկացրել է քննիչին, ուղարկել է լուսանկարներ, ասել, որ, եթե իրենց պետք է պարզել օբյեկտիվ իրականությունը, պետք է խոչընդոտեն այդ աշխատանքներին, բայց ձայն բարբառո անապատի:

«Ընդհանուր առմամբ Զեյթունի կահույքի ֆաբրիկային  ՀՖՖ-ն պարտք է համապատասխանաբար 342 և 278 միլիոն դրամ»,- ասաց Ամրամ Մակինյանը:

Հաջորդիվ վերջինս անդրադարձավ Ռուբեն Հայրապետյանին առաջադրված մեղադրանքին թանկարժեք «Porsche cayenne» մեքենայի առնչությամբ, ինչպես նաև այս տարվա հոկտեմբերին մեղսագրված, մարզադաշտերի վերաբերյալ հարուցված քրեական վարույթին:

«Լինո՞ւմ է այնպես, որ մի օբյեկտում կատարված աշխատանքների պակաս մասն արձանագրեն, ավելը՝ չէ»,- հռետորական հարց ուղղեց Ամրամ Մակինյանը՝ հավելելով, որ այդ որոշումները կայացրած մարդիկ փաստերի հետ գործ ունենալ չեն ուզում:

Նրա խոսքով՝ քրեական վարույթի մեջ չկա որևէ տվյալ, որ Ռուբեն Հայրապետյանը ցուցումներ է տվել, չկա նաև որևէ տող այն մասին, թե Ռուբեն Հայրապետյանն ինչի՞ մասին էր քաջատեղյակ, և ինչի՞ մասին՝ ոչ:

«Ուրախ եմ, որ գործն արդեն դատարանում է, կցանկանամ տեսնել՝ այս մեղադրանքն ինչպես են պաշտպանելու: Հիմա մոդայիկ է գումարային ցանկացած շարժ վերջում որակել փողերի լվացում. Սրա տակից ո՞նց եք դուրս գալու… Հայաստանի հավաքականը մեկնել է արտագնա խաղերի, 22 թռիչք: Ո՞նց են գնացել… Ոտքո՞վ, եթե ՀՖՖ-ն մի լումա չի տվել: Ի՞նչ հափշտակություն, ամոթ չէ՞… Հավաքականի մարզիչ Օսկար Լոպեսին ու նրա թիմին, Միխայ Ստոյկիցային ու նրա թիմին, Բեռնար Կազոնիին ու նրա թիմին, Հենկ Վիսմանին ու նրա թիմին ՀՖՖ-ն մի լումա  աշխատավարձ տվե՞լ է… Այս հարցերի պատասխանները մեզ ո՞վ է տալու»,- ասաց Ամրամ Մակինյանը:

Նրա խոսքով՝ այս քրեական գործի ընթացքում ստուգվել է Ռուբեն Հայրապետյանի և նրա մերձավորների՝ ողջ կյանքում ունեցած գործունեությունը:

«Ի՞նչ գործ ուներ այս վարույթի ընթացքում նման գործողությունների գնալը: 2.5 միլիոն դոլար թռիչքների համար տված, բազմաթիվ արտասահմանցի մարզիչների իր գրպանից վճարած մարդը կարո՞ղ էր 150 000 դոլարի հափշտակություն կատարել: Իրենց համար կարևոր էր այս գործը դատարան ուղարկելը, որ «Հայլուրը» ռեպորտաժ նկարի. Բա մեղք չե՞ն դատավորները: Կրկնում եմ՝ Զեյթունի կահույքի ֆաբրիկան ի՞նչ գործ ունի Ռուբեն Հայրապետյանի մերձավոր ազգականների գույքի ծագման հետ»,- ասաց Ամրամ Մակինյանը:

Ռուբեն Հայրապետյանի շահերի ներկայացուցիչն ասաց՝ իրենք հոգ են տանելու, որ այս գործն ու Ռուբեն Հայրապետյանի իրավունքի խախտումները քննվեն Եվրոպական դատարանում:

«Մենք չենք ուզում մեր հայրենիքի վրա ֆինանսական բեռ դնել, բայց մեզ տանում են դրան: Ես չեմ պատկերացնում՝ մեր դատավորների վրա ինչ ճնշումներ են կատարվելու, որ այս գործն իրենց ուզած հանգուցալուծումը ստանա: Համոզված եմ՝ այս գործի վախճանն արդարացման դատական ակտն է լինելու, բայց ամոթ է նման գործ տանել դատարան»,- ասաց Ամրամ Մակինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս