Բաժիններ՝

Honda-ն և Nissan-ը մտադիր են միաձուլվել մինչև 2026 թ. օգոստոս

Honda Motor-ը և Nissan Motor-ը համաձայնագիր են ստորագրել բիզնեսի ինտեգրման մտադրությունների շուրջ: Այս մասին հաղորդվում է ճապոնական ավտոարտադրողների համատեղ մամուլի տեղեկագրում:

Դեկտեմբերի 23-ին ընկերությունների տնօրենների խորհուրդները պաշտոնապես հավանություն են տվել միաձուլման շուրջ բանակցությունների մեկնարկին։ Ակնկալվում է, որ վերջնական համաձայնությունը ձեռք կբերվի 2025 թ. հունիսին։ Միավորմանը հավանություն տալու հարցի շուրջ ավտոարտադրողների բաժնետերերի ընդհանուր ժողովները պետք է կայանան 2026 թ. ապրիլին։

Ակնկալվում է, որ կստեղծվի համատեղ հոլդինգային ընկերություն, որը կմիավորի երկու ավտոարտադրողների գործառնությունները։ Միավորման ավարտը պլանավորված է 2026 թ. օգոստոսին։

Արդյունքում կստեղծվի համաշխարհային շուկայում վաճառքների ծավալով երրորդ ավտոարտադրողը՝ Toyota-ից և Volkswagen-ից հետո։

Բիզնեսի ինտեգրման հնարավորության քննարկումներ սկսելու շուրջ Nissan-ի և Honda-ի միջև համաձայնությունից հետո Mitsubishi Motors-ը հայտարարել է, որ մտադիր է մինչև 2025 թ. հունվարի վերջը եզրակացության գալ այս գործընթացին մասնակցության կամ ներգրավվածության շուրջ, ասվում է երեք ավտոարտադրողների առանձին համատեղ հաղորդագրության մեջ:

Ճապոնիայի ավտոարտադրողների ասոցիացիայի տվյալներով՝ երկրի աշխատող բնակչության շուրջ 8%-ն զբաղված է ավտոմոբիլային և կից ոլորտներում: 2023 թվականին ավտոմոբիլային արդյունաբերությանն, ընդհանուր առմամբ (ներառյալ՝ մարդատար մեքենաների, բեռնատարների, մոտոցիկլետների և դրանց պահեստամասերի թողարկումը) բաժին է ընկել Ճապոնիայի արտահանման ընդհանուր ծավալի ավելի քան մեկ հինգերորդ մասը, հաղորդել է ասոցիացիան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս