Չի կարելի անվերջ մարդկանց փողոց դուրս բերել, ասել՝ այսօր-վաղը հեռացնում ենք իշխանություններին, ու դա չանել. Կարինե Աճեմյան

ՀՀԿ ԳՄ անդամ Կարինե Աճեմյանը նոր է վերադարձել Բրյուսելից, որտեղ մասնակցում էր ԵԺԿ Կանանց խորհրդի լիագումար նիստին Եվրոպառլամենտում, որին ներկա էին մոտ 60 երկրների կանանց կազմակերպությունների ղեկավարներ: Նրանք ներկայացրել են Հայաստանի մարտահրավերները և ընդդիմության ներկայացուցիչների հանդեպ բռնաճնշումները:

168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում Կարինե Աճեմյանը նշեց, որ Հայաստանի խնդիրներն ու մարտահրավերները շատ էին տարբերվում մյուս երկրների մարտահրավերներից:

«Ես հիշեցրի, որ նախորդ տարի Մյունխենում խոսել եմ Արցախի բլոկադայի մասին և բացատրել, թե ինչ է մեզ սպառնում, որ մենք մեր հայրենիքն են կորցնում, և իմ ասելուց հետո՝ 2023 թվականի սեպտեմբերին, Ադրբեջանի կողմից կազմակերպված էթնիկ զտումների արդյունքում մեր համերկրացիները արցախցի բոլորը լքեցին Արցախը: Խոսեցի գերեվարված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մասին, նշեցի, որ իշխանությունները ոչ մի քայլ չեն ձեռնարկում գերիներին ազատ արձակելու առումով: Խոսել եմ նաև բռնաճնշումների, ներքաղաքական իրավիճակի մասին, խոսել եմ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի նկատմամբ իրականացվող բռնաճնշումների, քաղաքական հալածանքների մասին»,- ասաց նա՝ ընդգծելով, որ շեշտել է՝ կորցրել ենք Արցախը, հիմա էլ Հայաստանի Հանրապետությանն է վտանգ սպառնում:

Կարդացեք նաև

«ԵԺԿ կանանց խորհրդի ղեկավարությունը շատ մտահոգ էր: Բոլորը մտահոգ են, հասկանում են, որ իրենք էլ ապահովագրված չեն: Ես ասացի, թե ինչով են զբաղված ՀՀ իշխանությունները, մանրամասն ներկայացրել եմ ներքաղաքական իրավիճակը և բացատրել, որ, ցավոք, Սերժ Սարգսյանի իշխանությունից հետո մենք ոչ թե առաջընթաց, այլ շատ մեծ հետընթաց ենք ունեցել նաև ժողովրդավարության առումով: Իմիջիայլոց, իրենց չեն էլ ընդունել ԵԺԿ կազմ, իրենք կարծեմ դիմել են, բայց չեն ստացել դրական արձագանք: Եվ քանի որ համակարգված գնում են իրենց ծրագրի հետևից, քաղաքական գործընթացներում որևէ դերակատարություն չունեն: Նրանց ծրագիրը երկիրը հանձնելն է: Քայլ առ քայլ մոտեցնում են այդ վտանգները մեզ: Ես դեմ եմ իրենց օրակարգեր մխրճվելուն, ասելուն, որ այս քայլն են անում, այն քայլն են անում: Այս 6.5 տարվա ընթացքում համոզվել ենք, որ այս իշխանության արած որևէ քայլ չի բխում ՀՀ պետականության, ժողովրդի շահերից: Մեզ մի բան էր պետք՝ ընդդիմությունը պետք է այնպիսի ծրագիր մշակեր, որի հետևից ինքն էլ գնար այնպիսի համակարգվածությամբ, ինչպես անում են իրենք: Աստված չանի, որ այն բոլոր նպատակները, որոնք իրենց առջև դրել են իրենք և իրենց տերերը, իրականություն դառնան»,- ընդգծեց նա:

Կարինե Աճեմյանի դիտարկմամբ՝ ընդդիմությունը պետք է քաղաքական դեմքերով առաջնորդվի, լինի համախմբված և ունենա ճանապարհային քարտեզ:

Հարցին՝ Բագրատ Սրբազանի շարժո՞ւմը նկատի ունի, նա պատասխանեց.

«Բագրատ Սրբազանի շարժմանը մասնակցել ենք, առաջին օրից ՀՀԿ ղեկավարի կողմից ասվել է, որ բոլոր այն շարժումներին, որոնք միտված են այս իշխանության հեռացմանը, պետք է մասնակցել: Բայց դա չի նշանակում, որ մենք պետք է մասնակցենք ՝չտեսնելով, թե մենք ինչ հանգրվանի ենք հասնելու: Այո, պետք է լինի շարժում, բայց պետք է լինի կոնկրետ ծրագիր, կոնկրետ պլան, որպեսզի այս հիասթափությունը մարդկանց կողմից չլինի:

Չի կարելի անվերջ մարդկանց փողոց դուրս բերել, ասել՝ այսօր-վաղը հեռացնում ենք իշխանություններին, ու դա չանել: Պետք է հաստատ համոզված լինել և այն գործիքներով, այն մարդկանց հետ աշխատել, ովքեր կարող են դա անել: Տարերային ձևով այս իշխանություններին հաղթել հնարավոր չէ, դա պետք է լինի համակարգված: Նրանք համակարգված են աշխատում՝ ի տաբերություն ընդդիմության, որն այսօր էլ մարդ կորցրեց. Այնտեղ նստած են մարդիկ, որոնք պետք եղած դեպքում չեն էլ քվեարկելու մեր օգտին»:

Հարցին՝ ո՞ր խմբակցությունից նկատի ունեք, նա պատասխանեց. «Երկու խմբակցություններն էլ, վերջին դեպքը՝ կապված նաև Գեղամ Նազարյանի հետ: Վարակի պես տարածվող բան կա, որ մարդիկ ամոթը կորցրել են, չեն մտածում, որ դավաճանում են իրենց հայրենիքին, իրենց արժեքներին»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս