Բաժիններ՝

Սիրիան որպես պլացդարմ չի օգտագործվի Իսրայելի վրա հարձակումների համար. ալ Ջուլանի

Սիրիայում իշխանության եկած զինված ընդդիմության առաջնորդ Ահմեդ ալ Շարաան, նույն ինքը՝ Աբու Մուհամեդ ալ Ջուլանին, հայտարարել է, որ երկիրը չի դառնա Իսրայելի վրա հարձակումների պլացդարմ։

The Times-ին տված հարցազրույցում նա ընդգծել է, որ Իսրայելը պետք է լքի Սիրիայի Արաբական Հանրապետության արևմուտքում գտնվող տարածքները, որոնք նախկին նախագահ Բաշար ալ Ասադի տապալումից հետո մի քանի օրվա ընթացքում օկուպացրել է։

«Հայաթ Թահրիր ալ Շամ» խմբավորման առաջնորդը նշել է, որ Իսրայելի ներկայությունը բացատրվում է լիբանանյան «Հեզբոլլահ» շարժմանը և իրանական աշխարհազորայիններին հակազդելու անհրաժեշտությամբ։ Սակայն այժմ, ըստ նրա, հրեական պետությանն ուղղված այս սպառնալիքն այլևս արդիական չէ, ուստի ալ Ջուլանին կոչ է արել դադարեցնել հարձակումները Սիրիայի վրա և ապահովել իսրայելական զինվորականների նահանջը գրավված դիրքերից։

Աբու Մուհամմեդ ալ Ջուլանին հավելել է, որ «Հայաթ Թահրիր ալ Շամը»հավատարիմ է 1974 թվականի ուժերի բաժանման համաձայնագրին և պատրաստ է ՄԱԿ-ի դիտորդների վերադարձին: Նա ընդգծել է Իսրայելի կամ որևէ այլ երկրի հետ հակամարտություններից խուսափելու ցանկությունը։

Նշենք, որ Գոլանի բարձունքները վիճելի տարածք են. Իսրայելը վերահսկում է այդ հողերի մեծ մասը, իսկ արևելյան մասը պատկանում է Սիրիային։ Այն բանից հետո, երբ իսլամիստները տապալեցին նախագահ Բաշար ալ Ասադին, Իսրայելը սկսեց ընդլայնել վերահսկողությունը հանրապետության հետ սահմանազատման գոտու վրա: Դեկտեմբերի 9-ի գիշերը Իսրայելի պաշտպանության բանակը նոր տարածքներ է զբաղեցրել բուֆերային գոտում: Դեկտեմբերի 15-ին The Jerusalem Post-ը գրել էր, որ երկրի կառավարությունն արդեն հաստատել է Գոլանում բնակավայրերի ընդլայնման ծրագիրը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս