Ճապոնիան պաշտոնական բողոք է հայտնել Չինաստանին
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ճապոնիայի իշխանությունները պաշտոնական բողոք են հայտնել Չինաստանին՝ կապված Սենկակու (չինական անվանումը՝ Դյաոյույդաո) կղզիների ջրատարածությունում չինական 8 նավերի հայտնվելու հետ:
Բողոքի նոտան Ճապոնիայում Չինաստանի դեսպանին հանձնել է Ճապոնիայի արտգործնախարար Տիկա Կավաին: Վերջին պահանջել է, որ չինական նավերն ահնապաղ դուրս բերվեն վիճելի կղզիների շրջանից: Չինական նավերն այնտեղ էին մուտք գործել տեղական ժամանակով ժամը 07.20-ին:
Չինաստանի ու Ճապոնիայի միջև Սենկակու (Դյաոյույդաո) կղզիների պատկանելության վեճը սկիզբ է առել 1970-ական թվականների սկզբներին: Ճապոնիան պնդում է, որ այդ կղզիներն իրեն են պատկանում՝ սկսած 1895 թվականից, իսկ մինչ այդ չեն պատկանել ոչ ոքի: Չինաստանն իր հերթին պնդում է, որ այդ կղզիները չինական կայսրության կազմում են ներառվել դեռևս 600 տարի առաջ:
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո կղզիները գտնվել են ԱՄՆ-ի վերահսկողության ներքո և 1972 թվականին Օկինավա կղզու հետ մեկտեղ տրվել են Ճապոնիային: Չինաստանն ու Թայվանը կարծում են, որ Ճապոնիան ապօրինաբար է տիրում կղզիներին:
Տարածքային վեճը սրվեց 2012 թվականի կեսին, երբ Ճապոնիայի կառավարությունը հայտարարեց այդ կղզիների ազգայնացման մասին: