Բաժիններ՝

Հանրապետությունում մինչ այս պահը գրանցվել է կարմրուկի 561 դեպք

Առողջապահության նախարարության «Հանդիպում լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ» երկօրյա սեմինարի շրջանակում ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Զարուհի Գրիգորյանը ներկայացրել է երկրում համաճարակային իրավիճակը` նշելով, որ վերջին տվյալներով` հանրապետությունում կառավարելի վարակիչ հիվանդությունների առումով իրավիճակը կայուն է. մինչ այս պահը գրանցվել է կարմրուկի 561 դեպք՝ վերջին ամիսներին գրանցվում են միայն եզակի բերովի դեպքեր։

2024 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում գրանցվել է կապույտ հազի 119 դեպք, սակայն վերջին ամիսներին հիվանդացությունը նվազել է։

Նշվել է նաև պատվաստումներում ամբողջական ընդգրկվածության ցուցանիշների դրական միտումն ու ժամանակին պատվաստման կարևորությունը։

Սեզոնային գրիպի դեմ պատվաստումների վիճակագրությունը ներկայացրել է ԱՆ ՀՎԿԱԿ իմունականխարգելման բաժնի պետ Սվետլանա Գրիգորյանը` նշելով, որ հանրապետության բժշկական կազմակերպություններին բաշխվել է սեզոնային գրիպի դեմ քառավալենտ պատվաստանյութ և իրականացվել է բաշխված պատվաստանյութի 68,5 տոկոս։

Հիշեցնենք, որ գրիպի դեմ պատվաստումային գործընթացը շարունակվում է, պատվաստումներ իրականացվում են ինչպես առաջնային օղակում, այնպես էլ` պատվաստումային շարժական կետերում (Հյուսիսային պողոտա` Աբովյան փ. խաչմերուկի հարակից տարածք, Վերնիսաժի հարակից տարածք, ժամը 12:00-16:00):

Ոլորտի մասնագետներն անդրադարձել են նաև մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստումներում ընդգրկվածության ցուցանիշների բարելավմանը, որը 2022 թվականի համեմատ` աճել է մոտ 2.4 անգամ:

Մասնագետները պատասխանել են նաև լրագրողների հարցերին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս