«Ժողովո՛ւրդ, ձեր աչքերին փոշի են փչում՝ գնում են նոր կապիտուլյացիայի. այս կապիկությունները, որ անում են, իսկապես անտանելի է». Աշոտ Սևյան
Դեկտեմբերի 17-ին տեղի կունենա ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստը, որի օրակարգում մի քանի հարցեր են ընդգրկված, այդ թվում՝ Կառավարության հեղինակած «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին նախագիծը։
Ըստ այդ նախագծի, աշխարհազորը վերացվում է, փոխարենը՝ ստեղծվում են տեղական պաշտպանության ուժեր, որը կազմավորվում է՝ որպես համայնքի պաշտպանության ստորաբաժանում:
«Տեղական պաշտպանության ուժերի ընդհանուր ղեկավարումն իրականացնում է տվյալ համայնքի վարչական տարածքի պաշտպանությունն ապահովող Հայաստանի Հանրապետության զինված ուժերի համապատասխան զորամիավորումը: Տեղական պաշտպանության ուժերը ներառվում են զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերի կազմում՝ որպես աջակցող ստորաբաժանումներ:
Տեղական պաշտպանության ուժերի ստորաբաժանումները (այսուհետ՝ ստորաբաժանումներ) համալրվում են տվյալ համայնքում հաշվառված, պատերազմական ժամանակաշրջանի հաստիքներին չկցագրված և պահեստազորի երկրորդ խմբում հաշվառված կամ զինվորական հաշվառումից հանված անձանցով՝ կամավորության սկզբունքով: Ստորաբաժանման կազմում անձի ներառման հիմքը նրա հետ կնքված պայմանագիրն է, որը չի համարվում զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր: Պայմանագիր չի կարող կնքվել այն անձի հետ»,- նշված է նախագծում։
Ազատամարտիկ, չարեքթարցի Աշոտ Սևյանի խոսքով՝ սա իշխանությունների կողմից բանակի ողնաշարը կոտրելու հերթական նախաձեռնությունն է, զարմանալու որևէ բան չկա։
«Ասում են՝ բանակն ենք բարեփոխում, սրանք առհասարակ բանակի կողքով էլ չեն անցել, հակառակը՝ սրանք «բարեփոխման» անվան տակ բանակը ոչնչացնում են։ Խրամատ փորելը դեռևս չի նշանակում բանակի բարեփոխում, կամ՝ գլուխ են գովում, թե հնդկական զենք են ձեռք բերել։ Այդ զենքն առնելուց առաջ նախ պետք է հասկանան՝ զինվորը պատրա՞ստ է կռվելու։ Այս իշխանությունն արժեզրկեց ամեն ինչ՝ մեր նահատակներին, հերոսներին, այս կապիկությունները, որ անում են, իսկապես անտանելի է հասկացող մարդու համար։ Չգիտեմ էլ՝ ինչպես ասենք՝ ժողովուրդ, սրանք ձեր աչքերին փոշի են փչում ու վերացնում են բանակը՝ գնում են նոր կապիտուլյացիայի։ Չորս տարի առաջ էլ եմ ասել այս մասին, ու իմ ասածները քիչ-քիչ իրականություն են դառնում։ Այս պահին ԵԿՄ-ն չեն վերացնում, որովհետև իմ կարծիքով՝ այստեղ բիզնես շահեր կան»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Աշոտ Սևյանը։
Ազատամարտիկը մատնացույց արեց տարածաշրջանում, այդ թվում՝ Մերձավոր Արևելքում ընթացող գործընթացները՝ վստահեցնելով, որ այդ ամենի ֆոնին աշխարհազորի ոչնչացումն անմտություն է։ Ավելին՝ աշխարհազորը բանակին ու երկրին ոչ թե խանգարում է, այլ օգնում է։
«Այս մարդիկ երկիրը մաս-մաս հանձնում են, աշխարհազորը կարող է ինչ-որ տեղ ընդդիմանալ, դրա համար քանդում են, աշխարհազորը սրանց համար դիմադրության շարժում է։ Հնարավոր է, չէ՞, որ մի օր աշխարհազորը ձեռքը սեղանին կփի ու ասի՝ բավ է։ Կրկնում եմ՝ իշխանությունը ոչնչացնում է դիմադրության բոլոր շարժումները։ Վստահ եմ, որ իշխանությունը հերթական անգամ կփիառվի ու կասի՝ աշխարհազորը հավելյալ գումար է պահանջում, պետությունը հավելյալ գումար է ծախսում և այլն, բայց այդ աշխարհազորը, այն էլ այս պահին՝ երկրին անհրաժեշտ է, իշխանությունը վախենում է, դրա համար էլ օրենքով փակում է»,- շեշտեց մեր զրուցակիցը։
Նա նաև նկատեց՝ Սիրիան գրավելուց հետո բոլորը շնորհավորում էին Թուրքիայի նախագահին, ով իր հայտարարություններում չի թաքցնում, որ հաջորդ քայլն ուղղվելու է «Զանգեզուրի միջանցքը» բացելուն։ Թուրքիայի ու Ադրբեջանի իշխանությունները ՀՀ իշխանության նման իրենց հասարակությանը միֆերով ու լոզունգներով չեն կերակրում՝ իրագործում են գրված երկարաժամկետ ծրագիր։
«Ակնհայտ է, որ թշնամու հաջորդ քայլը լինելու է Նախիջևանից՝ Երասխ, վատագույն դեպքում Սոթքից մտնելու են՝ Վարդենիսը կտրեն, մտնեն Ջերմուկ ու հասնեն Երասխ՝ Հայաստանը գցելով շրջափակման մեջ։
Իշխանությունը մեզ զրկում է պաշտպանվելու հնարավորությունից։ Իշխանությունն իրեն սպառել է ու գնում է վա-բանկ։ Նիկոլ Փաշինյանն ամբողջ Հայաստանը պատրաստ է տալու, միայն թե պահի իր աթոռն ու Կառավարության շենքը, որտեղից հարկեր կհավաքեն, որպեսզի ինքը վայելի»,- եզրափակեց Աշոտ Սևյանը։



