Այն, որ Արմեն Աշոտյանը տանն է, չի նշանակում, որ նրա քաղաքական իրավունքները չեն սահմանափակվում. Խուդոյան

Ցանկացած իշխանություն, երբ զսպված չէ օրենքով ու մարդու իրավունքներով, անկախ նրանից՝ ով ուզում է լինի՝ հակված է լինելու չարաշահել իշխանությունը, «Քաղաքական իրավունքների հայկական կենտրոն» իրավապաշտպան ՀԿ-ի կազմակերպած «Քաղաքական իրավունքները և հետապնդումները Հայաստանում» թեմայով քննարկման ժամանակ ասաց փաստաբան Հովհաննես Խուդոյանը։

Նրա խոսքով՝ երբ այդ պրակտիկան դառնում է սովորական, նաև խախտումներն են շատանում։

«Բայց ցանկացած իշխանության համար նաև դժվար է որոշակի իրավունքներ տևական ժամանակ խախտել, որովհետև կաշկանդվածություն ունի, ինչքան երկիրն ավելի բռնապետական է, այդքան ավելի հեշտ է բացահայտ ցինիզմով ու արհամարհանքով խախտումը, այլ ոչ թե քողարկված միջոցներով»,- նշեց նա։

Այն դասական պատկերացումը, որ քաղաքական հետապնդման ենթարկվող անձը քաղաքական գործիչն է, ով տարիներ շարունակ գտնվել է անազատության մեջ, ըստ Խուդոյանի, ժամանակակից աշխարհում մի քիչ փոփոխվում է։

«Շատ հախաճ այն նպատակները, որոնք կարող էին դրվել նախկինում անձին բանտային պայմաններում մեկուսացնելու միջոցով, այսօր լուծվում են շատ ավելի հեշտ գործիքակազմով, որպեսզի լրացուցիչ ճնշում չավելանա իշխանության վրա, լրացուցիչ քննադատության չենթարկվի, որովհետև ժամանակակից բռնապետությունները հակված են հանդես գալ ժողովրդավարության կամ մարդու իրավունքների դիմակով, իհարկե, դիմակը շատ երկար պահել չի լինում»,- ընդգծեց փաստաբան Խուդոյանը։

Ըստ նրա՝ Հայաստանում քաղաքական հետապնդումներն ունեն տարբեր ինտենսիվության ու տարբեր կիրառելիության դեպքեր։

«Մենք կարող ենք քաղաքական հետապնդում գնահատականը տալ՝ սկսած մի քանի ժամ ոստիկանական բաժին անհիմն բերման ենթարկված անձից մինչև կալանք կրող անձը»,- ասաց նա՝ վկայակոչելով Արմեն Աշոտյանի օրինակը։

«Այն, որ Արմեն Աշոտյանը տանն է, չի նշանակում, որ նրա քաղաքական իրավունքները չեն սահմանափակվում»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս