ԵԽԽՎ հանձնաժողովի նիստում քննարկվել են ԼՂ-ի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները
Երևանում անցկացվող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովի նիստի շրջանակում քննարկում է եղել նաև Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի պատճառով ստեղծված հումանիտար հետևանքների վերաբերյալ: Այս մասին ԱԺ-ում հրավիրված ճեպազրույցում հայտնեց ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովի անդամ Վլադիմիր Վարդանյանը:
ԵԽԽՎ-ն իր իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովի նիստը որոշել է անցկացնել Երևանում: Դեկտեմբերի 9-ին և 10-ին կքննարկվեն հանձնաժողովի օրակարգում ընդգրկված հարցերը:
«ԵԽԽՎ-ի համապատասխան հանձնաժողովները տարվա ընթացքում ունեն մեկ հնարավորություն՝ կազմակերպել հանձնաժողովի նիստը ոչ հանձնաժողովի նիստերի անցկացման համար սովորաբար օգտագործվող վայրերում՝ մասնավորապես Փարիզոմ և Ստրասբուրգում: Այս տարի այդ հնարավորությունն ընձեռվեց Հայաստանին: Եվ այս տարի Հայաստանի Ազգային ժողովն է հյուրընկալել մեր գործընկերներին»,-ասաց Վլադիմիր Վարդանյանը:
Անդրադառնալով հարցին, թե հայ գերիների հարցը կքննարկվի՞ արդյոք՝ պատգամավորը վստահեցրեց՝ հայկական պատվիրակությունն Ադրբեջանում պահվող ռազմագերիների առնչությամբ մշտապես հարցեր է բարձրացնում: Այդ հարցերը բարձրացվել են նաև մի շարք զեկույցներում, որոնք արդեն իսկ ընդունվել են ԵԽԽՎ-ի կողմից:
«Մենք չենք կարող օրակարգ ձևավորել: Բայց, իհարկե, Հայաստանում այս նիստի անցկացման, քննարկումների ժամանակ մենք չէինք կարող խուսափել այս հարցերի քննարկումից: Օրակարգային հարցերից մեկը եղել են այն իրավական ու մարդասիրական հետևանքները, որոնք կապ են ունեցել Արցախում Ադրբեջանի ռազմական օպերացիայի հետևանքով տեղի ունեցածի հետ: Ունեցել ենք հնարավորություն՝ քննարկելու այդ հարցերը: Օրակարգի շրջանակում մենք դա քննարկել ենք փակ ռեժիմում»,-ասաց Վարդանյանը: Նա նկատեց՝ ռազմագերիների հետ կապված հարցում ԵԽԽՎ-ն արել է, ինչ հնարավոր է: Այն բանաձևերը, որոնք ընդունվել են ԵԽԽՎ-ում, հստակ անդրադարձել են ռազմագերիների անհապաղ հայրենադարձման խնդրին:
«Պահանջել ԵԽԽՎ-ից ինչ-որ ավել բան անել, մենք չենք կարող: Այն բոլոր օրակարգային հարցերը՝ կապված ռազմագերիների հետ, բարձրացվել են, և ստացել են իրենց համապատասխան լուծումները բանաձևերում»,-նշեց պատգամավորը:
Վարդանյանը հիշեցրեց՝ Ադրբեջանի պատվիրակության լիազորություններն այս տարի չէին հաստատվել ԵԽԽՎ-ում, և նրանք չեն մասնակցում ԵԽԽՎ նիստերին:
Մի շարք պահանջներ էին ներկայացվել ադրբեջանական պատվիրակությանը, որոնք պետք է կատարվեն ԵԽԽՎ-ում նրանց վերադարձի համար: Նրանց վերադարձի համար, սակայն, Վարդանյանը նշմարվող առաջընթաց չի նկատում:
Դեկտեմբերի 9-ը Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիայի ընդունման օրն է, դեկտեմբերի 10-ը Մարդու իրավունքների օրն է: Երևանում այս միջոցառման կազմակերպումը պայմանավորված է նաև այս հարցերի քննարկումներով և այս հիշատակի օրերով: