ԱՄՆ պետքարտուղար Բլինքենն իր վերջին այցը կատարեց Բրյուսելում տեղակայված ՆԱՏՕ-ի կենտրոնակայան

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երեքշաբթի իր վերջին այցն է կատարել Բրյուսելում տեղակայված ՆԱՏՕ-ի կենտրոնակայան՝ Դոնալդ Թրամփի՝ Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում երդմնակալության արարողությունից առաջ, գրում է Ֆրանսպրես գործակալությունը:

Բայց անգամ հակառակ նրա, որ Բլինքենն արժանացել է ՆԱՏՕ-ի իր գործընկերների ջերմ ընդունելությանը, Թրամփի ուրվականը և մեկուսացման քաղաքականությունը, որը կարող է սկսվել հաջորդ ամիս նրա երդմնակալության արարողությունից հետո, ճախրում էր երկօրյա հանդիպման օդում, ընդգծում են լրատվամիջոցները:

«Դուք հավատարիմ դաշնակից եք եղել, և մարդիկ, ովքեր ձեզ շատ են հավանում»,- Բլինքենին ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն: «Մաղթում ենք ձեզ ամենայն բարիք հունվարից հետո, բայց մենք ձեր կարիքն ունենք մինչև հունվարի 20-ը, ամեն օր, և գիտենք, որ կարող ենք ապավինել ձեզ»:

Իր հերթին Բլինքենը հաստատել է, որ այն կարճ ժամանակահատվածում, որը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին մնացել է իշխանության ղեկին լինելու, կձգտի զենք մատակարարել Ուկրաինային:

«Սա Դաշինքի համար կենսականորոն կարևոր պահ է՝ համոզվելու համար, որ պատրաստ ենք գալիք տարվան: Ուզեք, թե չուզեք, մենք կանք ձեր կյանքում, և մենք ձեզ հետ կլինենք մինչև հունվարի 20-ը, ամեն րոպե, ամեն օր»,-ասել է ԱՄՆ պետքարտուղարը։

Ըստ Ֆրանսպրես գործակալության՝ Դոնալդ Թրամփի ընտրվելուց հետո Բայդենի վարչակազմն արագացնում է տեմպերն ու օգտագործում իր բոլոր պահուստները՝ փորձելով Կիևին ուժի դիրք ապահովել այն օրը, երբ նա կորոշի Ռուսաստանի հետ նստել բանակցությունների սեղանի շուրջ։

Իր հերթին, Թրամփը կասկածի տակ է դրել Միացյալ Նահանգների շարունակական աջակցությունը և խոստացել Ուկրաինայի պատերազմին վերջ տալու համար արագ գործարք կնքել:

Տեսանյութեր

Լրահոս