Արտագաղթի պատճառներն 90 տոկոսով կապված են մեր վարած տարածաշրջանային քաղաքականության հետ. Փաշինյան

Արտագաղթի պատճառներն 90 տոկոսով կապված են մեր վարած տարածաշրջանային քաղաքականության հետ, ԱԺ-ում 2025 թվականի պետական բյուջեի վերջնական քննարկման ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

«Արտագաղթի պատճառները մեր կոնֆլիկտային հարաբերություններն են մեր միջավայրի հետ»,- ասաց նա։

Փաշինյանի խոսքով՝ այո, պատճառ կարող է լինել սոցիալական բարդությունը, արդարության պակասը, բայց դրանց մի մասն էլ կապված է կոնֆլիկտային միջավայրի հետ։

«Մենք չենք խոսել կոնֆլիկտային միջավայրում իրենց վրա շատ մեծ պատասխանատվություն վերցրած մարդկանց ներհասարակական, ներհայաստանյան պահվածքի, կարգավիճակի մասին»,- ասաց նա։

Փաշինյանը նշեց՝ ասում են՝ «հերոսներին վարկաբեկում եք», ինքն էլ ասում է՝ «ո՞ր հերոսներին, որ ավտոմատով մտնում ու ասում էին՝ «դավայ ստեղից, էս քոնը չի այլևս»»։

Նա ընդգծեց՝ պետք է խոստովանել, թե այս իրադրության պատճառով քանի քաղաքացի է թողել ու գնացել՝ ասելով, որ արդարություն ու ապագա չկա։

Տեսանյութեր

Լրահոս