Ցավդ տանեմ, ես քեզ հետ առանձին հետո կխոսեմ. Արամ Մանուկյանը` բնակչին (տեսանյութ)

«Մայիսի 5-ը շատ կարևոր օր է, որովհետև բոլորս գնալու ենք ոչ միայն քաղաքապետի ընտրության, այլ նաև ներկայացուցչական մարմնի»,- այսօր Ավան համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայ ազգային կոնգրես կուսակցության ավագանու թեկնածու Վլադիմիր Կարապետյանը:

«Ասում ենք ներկայացուցչական մարմին: Իրականում որևէ մեկս գիտենք, թե ո՞վ է մեր ավագանին, ովքե՞ր են այդ 60-65 հոգին: Չգիտենք, որովհետև նրանք հրապարակային չեն գործում, հաշվետու չեն մեզ, չեն ասում՝ ինչո՞վ են զբաղվում»,- նշեց Վ. Կարապետյանը՝ շեշտելով, որ մայիսի 5-ից իրավիճակը կփոխվի ու իրենք հաշվետու կլինեն ժողովրդին, եթե ընտրվեն ավագանի:

Վլադիմիր Կարապետյանի ելույթը, սակայն, ընդհատեց ավանցիներից մեկը՝ հնչեցնելով իր հարցը: ««Ժառանգությանը» ինչի՞ չեք միանում, ինչի՞»,- հետաքրքրված հարցրեց բնակիչը:

Քաղաքացու հարցին ի պատասխան ՀԱԿ ավագանու թեկնածու Վահագն Խաչատրյանը նշեց. «Միացած ենք, գնում ենք միասին, իրար չենք քննադատում, ընտրություններից հետո միանալու ենք»:

Ծերունին հակադարձեց. «Երբ նախագահական ընտրությունները պրծան, դաշնակցական Արմեն Ռուստամյանը գնաց Րաֆֆու կողքին կանգնեց: Բա ինչի՞ ընտրություններից առաջ չէր կանգնում կողքին»: Վահանգն Խաչատրայնն էլ պատասխանեց, թե կարծում է, որ նման խնդիր չի եղել ու շեշտեց. «Կարևորը, որ բոլորս հասանք նրան, որ Րաֆֆին իր ձայները ստացավ»:

Բնակչի ու Վահանգն Խաչատրյանի զրույցին միացավ ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը, ով խնդրեց դադարեցնել զրույցն ու չխանգարել Վլադիմիր Կարապետյանի ելույթին:
«Ցավդ տանեմ, ես քեզ հետ առանձին հետո կխոսեմ, մենակ թող ավարտի»,- բնակչին խոստացավ Արամ Մանուկյանը:

Մանրամասները 168.am տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս