Ինչո՞ւ 1 օրում ՀՀ նմուշի անձնագիր ունեցող 150.000 անձինք դադարեցին լինել ՀՀ քաղաքացիներ

Արցախահայության շրջանում մտահոգություններ կան, որ Հայաստանի քաղաքացիություն ստանալը խոչընդոտ կդառնա արցախահայերի վերադարձի իրավունքի իրացման համար․ այսպիսի արձանագրում է արվել այսօր Ազգային ժողովում բռնի տեղահանված արցախահայերի քաղաքացիության հարցերի վերաբերյալ քննարկման ժամանակ՝ շեշտելով, որ դրա պատճառն Արցախ վերադարձի իրավունքի հարցը բանակցային գործընթացից դուրս թողած, քաղաքացիության իմպերատիվ պահանջը պետական աջակցության ծրագրերում ներառած գործող իշխանությունների վարքագիծն է։

Խորհրդարանում քննարկում-հանդիպմանը, ի դեպ, մասնակցել են Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը, ԱԺ պատգամավորներ, Արցախի Հանրապետության քաղաքացիներ, ինչպես նաև՝ ՀՀ ՆԳՆ նորանշանակ փոխնախարար Արմեն Ղազարյանը։

Քննարկումը նախաձեռնած «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը 168am-ի հետ զրույցում անդրադառնալով «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիության ձեռքբերման» հարցերին՝ նշեց, որ հարցերի 2 հիմնական խումբ կա։

«Առաջին հարցադրումը հետևյալն է՝ ինչո՞ւ 1 օրում ՀՀ նմուշի անձնագիր ունեցող 150 հազար անձինք դադարեցին լինել ՀՀ քաղաքացիներ․ այդ որոշումն ի՞նչ ենթատեքստ ուներ, արդյո՞ք դա չի արվել այն պատճառով, որպեսզի սահմանափակվեն արցախցիների քաղաքական իրավունքները։ Եվ ընդհանրապես հարց է առաջանում, թե ինչպես է ստացվում, որ մինչև 2023 թվականն Արցախի մեր հայրենակիցներն այդ նույն անձնագրով կարող էին պաշտոնի նշանակվել Հայաստանի Հանրապետությունում, կարող էին ընդամենը հաշվառման վայրը փոխելով՝ մասնակցել քվեարկության, ընտրության, բայց 2023 թվականից հետո, պարզվում է, այդ նույն իրավունքներն այլևս չունեն»,- մանրամասնեց Աննա Գրիգորյանը։

Կարդացեք նաև

Նա տեղեկացրեց նաև, որ հանդիպմանը ներկա ՆԳՆ պաշտոնյան ի պատասխան այս հարցադրումների՝ փորձել է վկայակոչել տարբեր փաստաթղթեր և հիմնավորել, թե Արցախի Հանրապետության քաղաքացիներն ի սկզբանե չեն համարվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ։ Նա, սակայն, այդպես էլ չի մեկնաբանել, թե ՀՀ ԳՇ պետը, որն Արցախի անձնագիր էր կրում, ինչպե՞ս է նշանակվել պաշտոնի, եթե չի համարվել ՀՀ քաղաքացի։

«Երկրորդ խումբ հարցերը վերաբերում էին այն խնդիրներին, որոնց ամենօրյա ռեժիմով բախվում են Արցախի մեր հայրենակիցները՝ ինչպես ծննդյան, մահվան, վարորդական վկայականների բացակայությունն է, կամ, թե ինչպես է ստացվում, որ այս պահին ՀՀ կառավարությունն Արցախի քաղաքացիներին չի համարում ՀՀ քաղաքացիներ, բայց չծառայելու հիմքով՝ քրեական հետապնդում է իրականացնում նրանց նկատմամբ»,- հավելեց պատգամավորը։

Աննա Գրիգորյանը տեղեկացրեց՝ այս պահին Հայաստանի քաղաքացիություն ստացած արցախցիների թիվն ընդամենը գերազանցում է 6000-ը։ Ըստ նրա՝ արցախցիների համար քաղաքացիություն ստանալու հիմնական խոչընդոտը համապարփակ տեղեկության բացակայությունն է՝ արդյո՞ք ՀՀ քաղաքացիություն ստանալով՝ սահմանափակվելու է վերադարձի իրավունքը։

«Այս քննարկման ընթացքում ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը համապարփակ զեկույց ներկայացրեց՝ հստակեցնելով, որ խոչընդոտ չէ ՀՀ քաղաքացիության ստացումն Արցախ վերադարձի համար, բայց նաև արձանագրեցինք, որ ՀՀ կառավարությունը համապատասխան աշխատանք չի տարել իրազեկման առումով,- նկատեց քաղաքական գործիչը, ապա անդրադառնալով մեր դիտարկմանը, թե գուցե պատճառը նաև անվստահությունն է ՀՀ կառավարության նկատմամբ, արձագանքեց,- Այո, արցախցիները թերահավատորեն են մոտենում այն կառավարության հայտարարություններին, որը նշում է՝ ՀՀ քաղաքացիությունը խոչընդոտ չէ վերադարձի իրավունքի համար, բայց ընդհանրապես չի խոսում վերադարձի իրավունքի մասին։ Բայց, բնականաբար, միջազգային իրավունքի տեսանկյունից նաև որևէ խոչընդոտ չի կարող լինել արցախցի մեր հայրենակիցների վերադարձի իրավունքի իրացման համար»։

Տեսանյութեր

Լրահոս