Ինչո՞ւ են հանրապետական թեկնածուներն այդքան սիրում Դանիել Վարուժանին (լուսանկարներ)
Ս.թ. փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում տեղեկացրել էինք Երևանի վարչական շրջաններից մեկում ՀՀ նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված թեկնածու Սերժ Սարգսյանի և հայ անվանի գրող Դանիել Վարուժանի պաստառների զարմանալի «հանդիպման» մասին, որից անցորդների մոտ ակամայից տպավորություն էր ստեղծվում, թե Վարուժանն իր հայտնի «եղեգնյա գրչով երգեցի փառքեր» խոսքերը նվիրում է Սերժ Սարգսյանին, այլ ոչ թե՝ իր հայրենիքին:
Եվ ահա, ավանդույթի շարունակմանը հավատարիմ և Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ՝ Դանիել Վարուժանի «երգն» իր քարոզչության շրջանակներում շտապեց օգտագործել նաև իշխող կուսակցության մեկ այլ ներկայացուցիչ` քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Ընդ որում, Վարուժանի և քաղաքապետի պաստառները միմյանց կողքին փակցված են ոչ միայն Աջափնյակ վարչական շրջանում, այլև Արաբկիր վարչական շրջանի Կասյան փողոցի շենքերից մեկի վրա:
Ինչո՞ւ են ՀՀԿ-ի թեկնածուներն այդքան սիրում հատկապես Դանիել Վարուժանին, ինչո՞վ է սա պայմանավորված, արդյո՞ք սա թաքնված քարոզչական հնարք չէ՞: Ցավոք, այս մասին ՀՀԿ-ի ներկայացուցիչներից չկարողացանք ստանալ որևէ մեկնաբանություն: Փոխարենը՝ թեմայի շուրջ 168.am-ի հետ զրույցում խոսեց Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ի մրցակից «Բարև, Երևան» դաշինքի ներկայացուցիչ, «Ժառանգություն» կուսակցության վարչության քարտուղար Ստեփան Սաֆարյանը:
«Ես ցավով պիտի արձանագրեմ, որ Հանրապետական կուսակցությունը հայ ազգի ոչ մի դասականի և, առավել ևս, սպարապետ Գարեգին Նժդեհի հետ առնչություններ չունի, որովհետև, ի տարբերություն նշված մարդկանց, իրենց մոտ ուղղակի խոսքի հայրենասիրության մակարդակն է, և այդ մարդկանց անվան տակ պարզապես հրաշալի թալան են իրականացնում և կեղեքում սեփական ժողովրդին»,- ասաց Ստեփան Սաֆարյանը:
«Գիտեք, իրենց համար նման անունները և նման մեծություններն ընդամենը քողածածկույթ են` դրա ետևում պատսպարվելու և իրենց գործն անելու համար: Նույն կերպ ՀՀԿ-ն կարող է իր ընտրական ցուցակում մտցնել հասարակական ինչ-որ դեմքեր, մտավորականներ` նրանց թիկունքում քրեաօլիգարխիկ ռեժիմի էությունը թաքցնելու համար»,- նշեց նա:
Ըստ Ստեփան Սաֆարյանի, ինչպես այդ մտավորականները ոչինչ չեն որոշում իշխող կուսակցությունում, նույնկերպ հանրապետականների «խիղճն ու համոզմունքն ամենևին էլ չի շարժվում Դանիել Վարուժանի մտածողությունից կամ արժեքներից»:
Հարցին, թե սա կարո՞ղ ենք դիտել ՀՀԿ-ի կողմից Գարեգին Նժդեհի անձի պաշտամունքի ձևավորման հարթության մեջ, Ստեփան Սաֆարյանը պատասխանեց այսպես. «այնտեղ անձի պաշտամունք չկա, այնտեղ կա անձի վարկաբեկում»: «Այդ մարդկանց պետք է փրկել Հանրապետականի ձեռքերից»,- եզրափակեց նա:
Ի դեպ, այսօր լրանում է մեծանուն գրող Դանիել Վարուժանի ծննդյան 129-ամյակը: Նա ծնվել է Արևմտյան Հայաստանի Սեբաստիա նահանգի Բրգնիկ գյուղում` 1884 թ. ապրիլի 20-ին:
Լուսանկարները՝ 168.am-ի