Դեպի ապահով… Դանիել Վարուժան
Քաղաքական մի շարք վերլուծաբաններ և գործիչներ հակված են կարծելու, որ ներկայումս ստեղծված քաղաքական իրավիճակը և առաջիկայում կայանալիք նախագահական ընտրություններին նախորդող նախընտրական գործընթացները զգալիորեն տարբերվում են նախկինում կայացած բոլոր ընտրություններից` մի շարք հանգամանքներով: Ոմանք մատնանշում են հիմնական ընդդիմադիր ուժերի` չառաջադրվելու և գործող նախագահին իրական այլընտրանքային մրցակից չլինելու հանգամանքը, ոմանք խոսում են նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի կամ Անդրիաս Ղուկասյանի հացադուլի մասին:
Այս շարքին կարելի է դասել նաև գործող նախագահ Սերժ Սարգսյանի քարոզարշավի շրջանակներում` գրեթե յուրաքանչյուր այցի ժամանակ տեղի ունեցող բավական ուշագրավ միջադեպերը, օրինակ` Սերժ Սարգսյանի հայտնի արտահայտությունը սահմանամերձ Մովսես գյուղում՝ «այդպես եք անում, որ խիյարը թարս ա բուսնում», կամ հունվարի 28-ին Եռաբլուրում Սերժ Սարգսյանի՝ մի կնոջ հետ տեղի ունեցած հայտնի խոսակցությունը, որն անմիջապես արձագանք ստացավ համացանցում և քաղաքականապես ավելի ակտիվ հասարակության շրջանում, իսկ Ֆեյսբուք սոցիալական կայքում բացվեց նույնիսկ նման խումբ` «Էկել ես ստեղ, որ ի՞նչ անես» խորագրով:
Իսկ Սերժ Սարգսյանի հանդիպումների ժամանակ «սովետական» սանրվածքով առանձնացող կանանց կողմից նրան ամեն կերպ գովերգելու և քծնելու երևույթի մասին, որը լրագրողներն ու ֆեյսբուքահայերն անմիջապես կնքեցին Չեբուրաշկա անվամբ, կարծում ենք, նույնիսկ ավելորդ է խոսել:
Ի դեպ, զավեշտները տեղի են ունենում ոչ միայն Սերժ Սարգսյանի հանդիպումների ընթացքում, դրանք կարծես ամենուրեք շրջապատում են գործող իշխանությանը և նաև նրա նախընտրական շտաբները: Դրա վառ օրինակներից մեկն Ամերիկայի Միացյալ Նահանգների դրոշի հայտնվելն էր Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբում:
Եվ ահա, 168.am-ը ներկայացնում է հերթական ուշագրավ փաստը` Սերժ Սարգսյանի նախընտրական քարոզարշավից: Երևանի Աջափնյակ համայնքի բնակիչների մեծամասնությունը հավանաբար տեսել է Հալաբյան փողոցի շենքերից մեկի վրա փակցված հսկա պաստառները. մի կողմում՝ հանճարեղ գրող Դանիել Վարուժանը, իսկ մյուս կողմում՝ իր հետ «դեպի ապահով Հայաստան» գնալու կոչ անող նախագահ Սերժ Սարգսյանը, ով այս անգամ հպարտ հայացքով նայում է դեպի «եղեգնյա գրչով հայրենիքին փառքեր երգած» Դանիել Վարուժանը:
Հ.Գ. Մնում է միայն պարզել, թե սա պարզապես պատահականության արդյո՞ւնք է, թե՞ նախագահի PR-ով զբաղվող մասնագետների հերթական մտահղացումը: